Քաղաքացիակենտրոն
լրատվություն

էլ ինչպե՞ս ասենք, որ պահանջ չունենք «168 ժամ» ՍՊԸ-ի և Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ. Ստյոպա Սաֆարյանի հարցը` դատարանին․ տեսանյութ

էլ ինչպե՞ս ասենք, որ պահանջ չունենք «168 ժամ» ՍՊԸ-ի և Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ. Ստյոպա Սաֆարյանի հարցը` դատարանին․ տեսանյութ
Իրավունք
15:36, 10 июнь 2022
Այսօր կայացավ Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի դեմ քաղաքացիական հայցի դատական հերթական նիստը։ Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուրովի, ով վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Սաֆարյանի նկատմամբ, որը տպվել է 168ժամ.am լրատվական կայքում։

Ստյոպա Սաֆարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարանին այսուհետ «168 ժամ» ՍՊԸ-ի ներկայացուցչի ներկայացրած ապացույցներն ու դիրքորոշումները հաշվի չառնել, քանի որ հայցվոր կողմը իր հայցը` ուղղված «168 ժամ» ՍՊԸ-ին, ետ է վերադարձրել, քանի որ դատական առաջին նիստերից հետո պարզ է դարձել, որ «168 ժամ»-ը բարեխղճորեն արտատպել է Իգոր Խաչատուրովի ուղիղ խոսքը, ինչին չի առարկել Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչը, հետևաբար հայցը ուղղվել է միայն Իգոր Խաչատուրովին, իսկ «168 ժամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը այլևս չի կարող որպես կողմ հանդես գալ դատարանում, հակառակ դեպքում ոտնահարվում է հայցվոր կողմի արդար դատաքննության իրավունքը, քանի որ դատական նիստերն անհարկի ձգձգվում են`«168 ժամ» ՍՊԸ ներկայացուցչի կողմից դիրքորոշումներ ներկայացնելու, կարծիք հայտնելու, ելույթ ունենալու պատճառով։

Խաչատուրովի ներկայացուցիչը նշեց, որ հայցվոր կողմը իրավունք չունի բանավոր կերպով միջնորդություն ներկայացնել, իսկ եթե գրավոր տարբերակով է ներկայացվում, ապա պետք է նաև դատավարության մյուս կողմերին ևս ներկայացվի գրավոր միջնորդությունը, որպեսզի պատասխանող կողմը հնարավորություն ունենա ծանոթանալ միջնորդությանը և կարողանա դիրքորոշում արտահայտել։ Դատարանը նշեց, որ դատարանը նախկինում անդրադարձել է այդ հարցին և այդ հարցը կլուծի վճռով` 183-րդ հոդվածի .2-րդ մասի պահանջով։

Պատասխանող կողմի ներկայացուցիչը միջնորդեց դատարանին, որպեսզի վերջինս թույլ չտա «168 ժամ» ՍՊԸ-ի ներկայացուցչին ապացույցներ ներկայացնել, դիրքորոշումներ հայտնել, ինչին, սակայն, «168 ժամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ սրանով, ըստ էության, փորձ է արվում սահմանափակել պատասխանող կողմի իրավունքները

Ի վերջո, հայցվոր կողմը իր միջնորդությունը գրավոր կերպով ներկայացրեց դատավարության կողմերին, պատասխանողներից «168 ժամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը ցանկություն հայտնեց գրավոր կերպով պատասխանել տվյալ միջնորդությանը և 1-2 օր ժամանակ խնդրեց միջնորդությանը ծանոթանալու և պատասխանելու համար։

Հայցվոր Ստեփան Սաֆարյանի ներկայացուցիչը ներկայացնելով իր դիրքորոշումն ասաց, որ իրենք հրաժարվել են հայցից, պատասխանող` «168 ժամ»-ի ներկայացուցիչը ևս առաջարկել է գործից մաս անջատել և կարճել «168 ժամ» ՍՊԸ-ի մասով գործը, սակայն դատարանը որոշել է, որ հարցը պետք է լուծվի վճռով, հետևաբար այստեղ հայցվոր կողմը միտում է տեսնում դատարանի գործողություններում, հետևաբար, բացառված չէ, որ հայցվոր կողմը դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնի։ Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց. «էլ ինչպե՞ս ասենք, որ պահանջ չունենք «168 ժամ» ՍՊԸ-ի և Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ»։ Պատասխանող Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչը ևս ժամանակ խնդրեց, որպեսզի կարողանա ծանոթանալ հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությանը և հայտնի դիրքորոշում դրա վերաբերյալ։ Եվ ավելացրեց, որ բացակայելու է երկրից, իսկ վերադառնալու է հունիսի 22-ից հետո, հետևաբար խնդրում է դատական նիստը հետաձգել և դատական նիստի օր նշանակել հունիսի 22-ից հետո ցանկացած օր։

Դատարանը, ի վերջո, որոշեց դատական նիստը հետաձգել։ Դատական հերթական նիստը նշանակվեց հուլիսի 29-ին։

Վովա Հակոբյան

Մանրամասն՝ տեսանյութում