Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչական դատարանը ապրիլի 2-ին կքննի Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովումը վերացնելու միջնորդությունը

Վարչական դատարանը ապրիլի 2-ին կքննի Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովումը վերացնելու միջնորդությունը
Իրավունք
17:07, 29 март 2021
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով քննությունը վարչական դատարանը կշարունակի ապրիլի 2-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը մարտի 23-ին Վարչական դատարան էր ներկայացրել Օնիկ Գասպարյանի հայցը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին բացարկ հայտնելու մասին միջնորդություն։ Միջնորդության հիմքը, ըստ պատասխանողի, դատավորի կանխակալ վերաբերմունքն էր կողմերի հանդեպ։ Սակայն դատավորն իր հիմնավորումներով մերժել էր վարչապետի ներկայացուցչի միջնորդությունը՝ ընդգծելով նաև, որ այն բողոքարկման ենթակա չէ։   

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը մարտի 17-ին վարույթ է ընդունել ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանի ներկայացրած՝ իրավահարաբերության բացակայության ճանաչման հայցը և կիրառել է հայցի ապահովման միջոց։ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը մեկնաբանելով դատավորի որոշումը՝ մեզ հետ զրույցում նշել էր, որ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել մինչև դատարանի վճիռը։

Վարչապետի ներկայացուցիչը՝ դատավորին բացի բացարկի միջնորդությունից նաև հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել։ Այս միջնորդության քննությունը նշանակված է ապրիլի 2-ին։
Նշենք, որ դատավոր Մհեր Պետրոսյանի աշխատակազմից մեզ տեղեկացրել էին, որ դատավորը մարտի 26-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ արձակուրդում է։
 
Օնիկ Գասպարյանի հայցով՝ պատասխանող կողմեր են հանդիսանում ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետը։
 
Նարա Մարտիրոսյան