Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սանիթեք»-ը միջազգային արբիտրաժային դատարան է ներկայացրել իր ներդրումային հայցն ընդդեմ ՀՀ-ի

«Սանիթեք»-ը միջազգային արբիտրաժային դատարան է ներկայացրել իր ներդրումային հայցն ընդդեմ ՀՀ-ի
Իրավունք
20:46, 29 март 2021
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. 

«Սանիթեք» ընկերությունն ու վերջինիս բոլոր բաժնետերերը, ովքեր հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ, ավարտեցին Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված իրենց՝ միջազգային արբիտրաժային դատարան հայցի ներկայացման հաջորդ փուլը: 

Այն է՝ օտարերկրյա ներդրողներն արդեն իսկ ներկայացրել են իրենց հայցը միջազգային արբիտրաժային դատարան՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի 9-րդ հոդվածի («Լիբանան-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր»), «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրահուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի («Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր») և «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 36-րդ հոդվածի։ Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ: 

Վեճն առաջացել է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից Լիբանան-Հայաստան և Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագրերի շարունակական կոպիտ խախտումներից՝ կապված Երևանի աղբահանության ոլորտում «Սանիթեք»-ի ներդրումների հետ: Ավելի կոնկրետ, վեճը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության խտրական և բռնագրավվող (էքսպրոպրիացիա) գործողություններից, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանի և այլ պետական մարմինների ապօրինի գործողություններից: Եվ չնայած այն հանգամանքին, որ «Սանիթեք»-ի աշխատանքն ի սկզբանե արժանացել էր Երևանի բնակիչների բարձր գնահատականին՝ Երևանի քաղաքապետարանը չկարողացավ կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և ի վերջո, մինչ կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը որոշեց հեռացնել «Սանիթեք»-ին՝ փոխարինելով պետական աղբահանության ընկերությամբ: 

Այս մոտեցումն ուներ քաղաքական դրդապատճառ, որի նպատակն էր «Սանիթեք»-ին դարձնել քավության նոխազ՝ քաղաքական առավելություն ստանալու համար՝ քաղաքապետարանին մեղադրելով աղբահանության ոլորտի ղեկավարման և «Սանիթեք»-ի նկատմամբ վերահսկողության ռազմավարական բացթողումների մեջ: Ավելին, նոր պետական աղբահանություն իրականացնող ընկերությունը գործունեություն է ծավալում շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան այն պայմանները, որոնք տրամադրվել էին «Սանիթեք»-ին. ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության վերաբերմունքը օտարերկրյա ներդրողների հանդեպ կամայական է և խտրական: «Սանիթեք»-ի վնասները, ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների և բացթողումների արդյունքում, գերազանցում են 25 միլիոն ԱՄՆ դոլարը: 

Այս հայտարարությունը հետևում է «Սանիթեք»-ի ավելի վաղ, մասնավորապես՝ 2019 թ. հոկտեմբերի 8-ին տարածած հայտարարությանը, որով ընկերությունը ծանուցել էր իրավասու պետական մարմիններին արբիտրաժային հայց ներկայացնելու մտադրության մասին: Սակայն մինչ օրս այդ ծանուցումն անպատասխան է մնացել պետական մարմինների կողմից: Հայաստանի կառավարությունը թշնամական վերաբերմունք է ցուցաբերել օտարերկրյա ներդրողի նկատմամբ, և, մասնավորապես, Երևանի նոր քաղաքային իշխանությունները, որդեգրելով վճռական քաղաքականության ռազմավարություն, ավելի սրեցին լարվածությունը «Սանիթեք»-ի հետ` քաղաքական առավելություն ստանալու նպատակով վերջինս փոխարինելով քաղաքային ընկերությամբ: 

Ամփոփելով վերոգրյալը՝ պետք է փաստենք, որ Հայաստանը չկարողացավ պաշտպանել «Սանիթեք»-ի ներդրումներն անհիմն կամ խտրական գործընթացներից և արդարացի վերաբերմունք ցուցաբերել: Հայաստանն ապօրինի կերպով բռնագրավեց հայցվորների ներդրումներն առանց օրինական հանրային շահի, պատշաճ ընթացակարգի, խտրական հիմունքներով և առանց արագ, համարժեք ու արդյունավետ փոխհատուցում վճարելու: «Սանիթեք» ընկերությունն ու իր ներդրողները նախատեսում են վերականգնել իրենց խախտված իրավունքները միջազգային արբիտրաժի միջոցով` Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում»։