Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը կհրապարակվի հունիսի 23-ին. ԲԴԽ խոսնակ

Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը կհրապարակվի հունիսի 23-ին. ԲԴԽ խոսնակ
Իրավունք
18:47, 16 июнь 2022
Այսօր՝ հունիսի 16-ին, ԲԴԽ-ն քննության էր առել ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։

ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը և Լիպարիտ Մելիքջանյանը 2022թ. մայիսի 18-ին ԲԴԽ էին ներկայացրել միջնորդություն՝ Ռուբեն Վարդազարյանի կողմից 10.05.2022թ. «Արմդեյլի»-ին տված հարցազրույցում դատավորի վարքագծի կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։ Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, կասկածի տակ դրվում ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։ Վարդազարյանի՝ «այս որոշմամբ, ցավոք, բացվեց այն դուռը, որ այս կամ հաջորդ իշխանությունները կարող են գտնել 95-ամյա մի զառամյալ ծերունի իրավաբանի եւ ուղարկել ԲԴԽ» արտահայտությունը, ըստ հանձնախմբի, կասկածի տակ է դնում հետագա հնարավոր կազմի պրոֆեսիոնալիզմը, հեղինակազրկում ԲԴԽ-ն և դատական իշխանությունը։ Վարդազարյանի՝ որպես դատավոր լիազորությունները կասեցված են, սակայն նա շարունակել է մնալ ԲԴԽ նախագահ, ակնհայտ է, որ նա նման արտահայտություններ չի կատարել որպես դատավոր, այլ՝ որպես ԲԴԽ անդամ, տվյալ դեպքում՝ նախագահ, հետևաբար, վարքագծի կանոնները տարածվում են նրա նկատմամբ։

Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից էլ ներկայացվել էր 2 միջնորդություններ՝ կարգապահական վարույթը կարճելու և նիստը հետաձգելու մասին։ Ռուբեն Վարդազարյանը և նրա ներկայացուցիչը չէին ներկայացել նիստին։ 

ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը առաջարկեց քննարկման ներկայացնել նախ կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությունը, այնուհետև նիստը հետաձգելու մասին միջնորդությունը։ 

Կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդության մեջ Արամ Օրբելյանը նշել էր, որ ԲԴԽ դատավոր-անդամի լիազորությունները որպես դատավոր կասեցվելու պարագայում կասեցվում է նաև նրա՝ որպես ԲԴԽ անդամի լիազորությունները, այսինքն, ըստ փաստաբանի, Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել չի կարող։  

ԲԴԽ-ն մերժեց Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցչի ներկայացրած 2 միջնորդությունները։ 
 
ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանի փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կհրապարակվի հունիսի 23-ին ժամը 13։55-ին։