Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպիտակի Ջրաշեն համայնքի նախկին ղեկավարը համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը ուղղակի վաճառքով օտարել է որդուն, ապա շինաշխատանքներ սկսել այդ և համայնքին պատկանող այլ հողակտորի վրա

Սպիտակի Ջրաշեն համայնքի նախկին ղեկավարը համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը ուղղակի վաճառքով օտարել է որդուն, ապա շինաշխատանքներ սկսել այդ և համայնքին պատկանող այլ հողակտորի վրա
Իրավունք
16:45, 17 июнь 2022
Լոռու մարզի Ջրաշեն համայնքի նախկին ղեկավար Վահան Ուռուսյանը, օգտագործելով իր լիազորությունները հողօգտագործման բնագավառում, նույն համայնքում գտնվող հողամասի նկատմամբ հայտարարել է մրցույթ, որին մասնակցել են տարբեր քաղաքացիներ, սակայն համայնքապետը, չարաշահելով իր լիազորությունները, նպաստել է, որ հայտարարված մրցույթը չկայանա՝ պատճառաբանելով, որ հողամասի վրա կա երկաթ-բետոնով լցված հիմք։ Ապա համայնքի՝ արդեն իսկ նախկին ղեկավարը ուղիղ վաճառքով նշված հողամասը վաճառել է իր որդուն՝ Սանդրո Ուռուսյանին։ 

2022 թվականին հողամասը ձեռք բերելուց հետո նա կատարել է շինարարական աշխատանքներ։ Բացի որդու կողմից ապօրինի կերպով ձեռք բերված հողամասից, համայնքի ղեկավարը շինաշխատանքներ է սկսել նաև կից հողամասի վրա, որը պատկանում է համայնքին։
Սպիտակ խոշորացված համայնքի գլխավոր հողաշինարար Հենրիկ Իգիթխանյանը Civic.am-ին հայտնեց, որ 2021 թվականի փետրվարի 3-ին Ջրաշեն համայնքի ղեկավար Վանիկ Ուռուսյանը նույն համայնքի բնակիչ Սանդրո Ուռուսյանին տրամադրել է շինարարության թույլտվություն՝ ճարտարապետաշինարարական առաջադրանք։ Տրված շինթույլտվությունը վերաբերել է այն հողմասի վրա կատարվելիք շինարարությանը, որը պատկանում է նախկին համայնքապետի որդուն, սակայն, բացի դրանից, Ուռուսյանները շինարարություն են սկսել նաև համայնքին պատկանող հողի վրա։ Մայիսի 18-ին զեկուցագիր է գրվել ապօրինի շինարարության մասին, որը ուղարկվել է համայնքի ղեկավարին։ 

«Կատարված արարքի համար կազմվել է արձանագրություն, նշանակվել է վարույթ, օր է նշանակվել, կատարել ենք վարչական իրավախախտման գործի քննություն, ուղարկվել են ծանուցագրեր, վարույթի օր է նշանակվել հունիսի 22-ը»,- ասաց Հենրիկ Իգիթխանյանը։ 

Մինչև հունիսի 22-ը շինարարությունն արգելելու որոշում չի կայացվել, չնայած բանավոր նախազգուշացումներ եղել են, սպասում են վարչական իրավախախտման գործի քննությանը։

Ապօրինի շինարարությունը, ըստ Ջրաշեն համայնքի բնակիչների, այսօր էլ շարունակվում է։

Վովա Հակոբյան