Քաղաքացիակենտրոն
լրատվություն

40-ամյա տղամարդը, սոցիալական կայքի օգտատիրոջ անձնական լուսանկարների վրա արատավորող գրառումներ կատարելու և տարածելու սպառնալիքով, գումար է շորթել

40-ամյա տղամարդը, սոցիալական կայքի օգտատիրոջ անձնական լուսանկարների վրա արատավորող գրառումներ կատարելու և տարածելու սպառնալիքով, գումար է շորթել
Իրավունք
12:38, 30 март 2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական կայքի օգտատիրոջից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդը, «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում առցանց խաղում միավորներ վաստակելու նպատակով, բացել է կեղծ տվյալներով էջ, որի միջոցով, ներկայանալով որպես կին, ծանոթացել է այլ օգտատիրոջ հետ՝ տրամադրելով բջջային հեռախոսահամար, իսկ որպեսզի վերջինս չկարողանա զանգահարել իրեն, տրամադրված հեռախոսահամարը վերահասցեավորել է:

Այնուհետև պատճառաբանելով, թե, իբր, իր հեռախոսահամարի հաշվին գումար չկա, խնդրել է գումար փոխանցել, որպեսզի հաշվեկշիռը դառնա դրական, և իրենք կարողանան հեռախոսազանգի միջոցով զրուցել:

Օգտատերը, չմերժելով վերջինիս խնդրանքը, 2020թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների տարբեր օրերին տարբեր չափերի գումարներ է փոխանցել 40-ամյա տղամարդու կողմից նշված հեռախոսահամարին: Սակայն վերջինս, ստանալով փոխանցված գումարները, պատասխանել է, որ ինքը գումարները չի ստացել:

Բացի այդ, պարզվել է նաև, որ 40-ամյա տղամարդը նույն օգտատիրոջից գումար է շորթել նաև արատավորող լուսանկարներ տարածելու սպառնալիքով:

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ որպես կին օգտատեր ներկայացած տղամարդը 20.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու պահանջով հաղորդագրություն է ուղարկել օգտատիրոջը:  Սակայն մերժում ստանալով՝ վերջինիս անձնական լուսանկարների վրա կատարել է սեռական բնույթի արատավորող գրառումներ, դրանք ուղարկել նրան՝ սպառնալով, որ եթե պահանջված գումարը չփոխանցի, այդ լուսանկարները կհայտնվեն սոցիալական ցանցերում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթում) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: