Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ կարծիքով դատարանը պետք է կարճի գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով»․ Սեյրան Օհանյան

Այսօր վերսկսվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որը մտել էր դատաքննության փուլ, սակայն Սահմանադրական Դատարանը մինչ այդ որոշում կայացրեց, որ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին ներկայացված հոդվածը հակասահմանադրական է։ Դատարանի բակում Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իր կարծիքով դատարանը պետք է կարճի գործը հանցակազմի բացակայության պատճառով։ Օհանյանը նշեց, որ ՍԴ որոշումը ևս մեկ անգամ փաստեց, որ իրենց նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական հետապնդում։ «Ես նշել էի, որ չեմ հասկանում մեղադրանքի էությունը իմ նկատմամբ։ Այն ժամանակ ես Գլխավոր Շտաբի պետ եմ եղել, ընդ որում հիշեցնեմ, որ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին է Պաշտպանության մասին օրենքը փոխվել և Գլխավոր Շտաբի պետը դարձել որպես զորային շտաբի ղեկավար։ Երբ որ ես եղել եմ Գլխավոր Շտաբի պետ, ես հրամանտար չեմ եղել», - ասաց Սեյրան Օհանյանը։ Օհանյանը նշեց, որ եթե մեղադրանքը վերաորակվի, ապա ևս մեկ անգամ կփաստվի, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։ Պատասխանելով հարցին, թե ի վերջո Օհնայանը ու՞մ է համարում մարտի մեկյան իրադարձությունների գլխավոր մեղավոր, Օհանյանն ասաց, որ կա անմեղության կանխավարկած, սակայն բոլորս տեսնում ենք, տեսաերիզներով, թե ով էր բռնության կոչեր անում, ու՞մ սիրտն էր փառավորվում, երբ ցուցարաները ոստիկանների ձեռքից խլում էին ոստիկանական պարագաներ և ովքե՞ր էին փոքր, տեղային հարձակումներ իրականացնում ոստիկանական զորքերի վրա։ Սեյրան Օհանյանը նշեց, որ դատական համակարգը պետք է պարզի, թե ովքե՞ր են մեղավոր սպանությունների համար։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մարտի մեկի գործով զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով դատապարտված լինելուն, Օհանյանն ասաց, որ մարտի մեկյան իրադարձությունների պատճառը հենց զանգվածային անկարգությունների կազմակերպումն էր։