Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020-ի նոյեմբերի 9-ի գործով նախաքննությունը շարունակվում է, այդ թվում՝ Միրզոյանի նկատմամբ բռնության դրվագով

2020-ի նոյեմբերի 9-ի գործով նախաքննությունը շարունակվում է, այդ թվում՝ Միրզոյանի նկատմամբ բռնության դրվագով
Իրավունք
14:51, 23 июнь 2022
2020-ի նոյմեբերի 9-ին Կառավարության, Ազգային ժողովի շենքերում, պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով ԱԱԾ-ում նախաքննություն շարունակվում է, այդ թվում՝ այն ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով, «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցեցին դատախազությունից։

Քրեական գործով, ըստ դատախազության, ներկայումս 25 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ։

Քրեական գործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ։ Գործերից 5-ով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Դրանցից 1-ով 1 անձ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան։ Նշված դատավճռի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մերժվել է։

1 քրեական գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձինք դատապարտվել են 4-ական տարվա ազատազրկման, սակայն պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մասնակիորեն բավարարվել է և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է ազատազրկում 2 տարի ժամկետով։ Դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել։

1 քրեական գործով, կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը), ամբաստանյալը դատապարվել է տուգանքի 150 հազար դրամի չափով։

1 քրեական գործով էլ 3 անձինք (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել են 3-ական տարվա ազատազրկման, նրանց նկատմամբ պատիժը պայմանակնորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան, իսկ 1 քրեական գործով դատապարտվել է 2 անձ, մեկը՝ 3 տարվա ազատազրկման և 500 հազար դրամ տուգանքով, մյուսը՝ 6 տարվա ազատազրկման։