Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 10-ի գիշերը պետական գույքը ջարդուփշուր արածների գործը դատարանում է․ Քոչարյանի աջակցին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում

Նոյեմբերի 10-ի գիշերը պետական գույքը ջարդուփշուր արածների գործը դատարանում է․ Քոչարյանի աջակցին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում
Իրավունք
16:17, 30 март 2021
Արցախյան 44-օրյա պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ նոյեմբերի 10-ի գիշերը զանգվածային անկարգություններ կազմակերպեցին՝ ջարդերով մուտք գործելով ՀՀ կառավարություն, ՀՀ ԱԺ, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատուն։ Այդ օրը խմբակային բռնության և ծեծի ենթարկվեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։  

Զանգվածային անկարգություն, բացահայտ կողոպուտ, գույքի ոչնչացում իրականացրածների, ԱԺ և Կառավարության շենքեր ներխուժածների շարքերում մեծ թվով նախկին իշխանության ներկայացուցիչներ էին․ փողոց էին դուրս եկել արտախորհրդարանական, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ 

Ազգային անվտանգության ծառայությունը կատարվածից օրեր անց հաղորդագրություն տարածեց, որ հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ։ Քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով։ Բերման էին ենթարկվել տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաև ԱԺ նախագահի՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրած անձինք։  

Civic.am-ը՝ դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ քաղաքացիներից չորսին՝ Սերգեյ Խառատյանին, Հարություն Մերդինյանին, Էդգար Գրիգորյանին և Հայկ Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել գույք վնասելու, գույք ոչնչացնելու, ինչպես նաև ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Նշենք նաև, որ նշված անձանցից՝ Հայկ Իսկանդարյանը մեղադրվում է նաև այդ օրը կողոպուտ կատարելու հոդվածով և նախկինում եղել է դատված։ 

Սերգեյ Խառատյանը ՀՊՏՀ քոլեջի նախկին տնօրենն է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը։ Նրա նկատմամբ կիրառված էր կալանավորումը, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բավարարելով ամբաստանյալի պաշտպանների բողոքը՝ այն փոխարինել է գրավով։  

Նոյմեբերի 10-ին՝ զանգվածային անկարագություններ կազմակերպած անձանցից մի քանիսը ապօրինաբար մուտք էին գործել նաև Կառավարական կեցավայր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատուն, և ըստ նրանց մեղսագրված ՔՕ հոդվածի՝ կատարել հափշտակություն՝ գույքի և փաստաթղթի։ Այս անձանց՝ Արամ Թաթոսյանի, Կարո Ղազարյանի, Սարգիս Օհանյանի և Վանուշ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։ 

Հիշեցնենք, որ նշված անձինք մեղադրվում են վարչապետի տանից ձեռքի ժամացույց, սափրվելու լոսյոն և վարչապետի կնոջ վարորդական իրավունքը բացահայտ հափշտակելու համար։ Սույն գործով հերթական դատական նիստը նշանակված է ապրիլի 2-ին։ 

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրած անձանց քրգործին՝ ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը մեզ տեղեկացրեց, որ  գործը դեռևս չի գնացել դատարան։ 
 
Նարա Մարտիրոսյան