Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նորք-Մարաշ» ԲԿ-ն և Կարեն Կուրդովը կրկին ներողություն են խնդրում քննչական կոմիտեի բաժնի պետի տղայի ծնողներից․ քրգործը կգնա՞ դատարան

«Նորք-Մարաշ» ԲԿ-ն և Կարեն Կուրդովը կրկին ներողություն են խնդրում քննչական կոմիտեի բաժնի պետի տղայի ծնողներից․ քրգործը կգնա՞ դատարան
Իրավունք
18:12, 30 март 2021
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովի վերաբերյալ հարուցված քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է։ Այս մասին Civic.am-ին փոխանցեցին Քննչական Կոմիտեից և նշեցին, որ դեռևս կողմերը չեն հրավիրվել հարցաքննության։

Հիշեցնենք, որ օրեր առաջ 4-ամյա երեխայի մայրը՝ Մանե Ռաֆայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրառել էր, որ իր երեխան պետք է պառկեր սրտի հետազոտություն անցնելու համար, սակայն վախեցել է և չի պառկել, իսկ բժիշկը քաշքշել ու ծեծել է երեխային՝ այնպես, որ հետքը մնացել է երեխայի երեսին։  Երեխայի մայրն իր գրառումը հրապարակել էր նաև իր ամուսնու՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի՝ Վարդան Ավագյանի Ֆեյսբուքի էջում։

Բժշկական կենտրոնը ներողություն էր հայցել երեխայի ծնողներից տեղի ունեցածի համար, և կատարվածը չէր որակել որպես ծեծ։ 
Երեկ, կրկին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը միջադեպին առնչվող հերթական գրառումը կատարեց․««Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը և Կարեն Կուրդովը հայցում են ներողամտություն 17.03.2021թ․ միջադեպի կապակցությամբ՝ պացիենտ Արթուր Ավագյանից և իր ծնողներից»,-հրապարակվել է ԲԿ-ի Ֆեյսբուքի էջում:

Նշենք, որ Քննչական կոմիտեն քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, որ սույն գործով երեխայի վնասվածքը հաստատող դատաբժշկական եզրակացություն կա․ «Փորձագետի եզրակացության համաձայն՝ երեխայի դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկայով՝ առաջացնելով առողջության թեթև վնաս՝ կարճատև քայքայումով» ,-գրված էր հաղորդագրության մեջ: