Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է

Ստեփանակերտում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է
Իրավունք
12:12, 27 июнь 2022
Հունիսի 22-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ.Ս.-ն, Մ.Խ.-ի կողմից հրավիրված լինելով Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 3 հասցեում կազմակերպված խնջույքին, սեղանի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում միմյանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելուց հետո, Կ.Ս.-ն իր կողմից շահագործվող «ՈՒԱԶ-ՊԱՏՐԻՈՏ» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել է հրազեն հանդիսացող, մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակը և սեփական անձի առավելությունն ընդգծելու անթաքույց մոլուցքով մղված, շրջապատին և հասարակությանը հակադրվելու, հակազդելու ցանկությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության և հասարակական բարքերի ու խնջույքին ներկա գտնվող անձանց նկատմամբ, ինչպես նաև արհամարհելով հասարակական հարաբերություններում ընդունված համակեցության կանոնները, այդ թվում՝ հաշվի չառնելով գիշերային ժամին բնակավայրում գտնվելու հանգամանքը, նշված հրազենի գործադրմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված՝ արձակել է կրակոցներ՝ այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
 
Արցախի դատախազությունից հայտնում են՝ դեպքի առթիվ հետաքննության մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ:
Կ.Ս.-ն ձերբակալվել է, նախաքննական մարմնի 26.06.2022թ. որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար:
 
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հանցագործության գործիքը առգրավվել և ճանաչվել է իրեղեն ապացույց:
 
Դեպքի առթիվ իրականացվում է նախաքննություն:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: