Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում դատարաններն անկախ ու անկողմնակալ չեն. ԱՄՆ Պետդեպը հրապարակել է 2020թ. զեկույցը

Հայաստանում դատարաններն անկախ ու անկողմնակալ չեն. ԱՄՆ Պետդեպը հրապարակել է 2020թ. զեկույցը
Իրավունք
15:26, 31 март 2021
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոոնի Բլինքենը հրապարակել է Պետքարտուղարության զեկույցը՝ 2020թ. աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ: Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ երկրում դատական համակարգը անկախ և անկողմնակալ չէ: «Չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, վերջինս, ընդհանուր առմամբ, չի ցուցաբերել անկախություն և անկողմնակալություն:

Դատավորների անաչառության նկատմամբ ժողովրդական վստահությունը շարունակել է ընկնել, մինչդեռ քաղաքացիական հասարակական կազմակերպությունները շեշտում էին, որ արդարադատության ոլորտում շարունակում են աշխատել բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ծառայել են նախկին իշխանություններին և նրանց համար անընդհատ բարենպաստ որոշումներ են կայացնում:

Դատավորների կոռուպցիան շարունակում է մտահոգիչ մնալ: Տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակում էին զեկուցել այն դատավորների մասին, ովքեր ձեռք են բերել իրեն աշխատավարձերի հետ ոչ համաչափ գույք և ակտիվներ»,- ասվում է զեկույցում և նշվում, որ ՀԿ-ներին նաև մտահոգում է դատավորների՝ օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վեթինգի բացակայությունը: Ըստ իրավապաշտպանների և այլ դիտորդների՝ 2018թ. քաղաքական անցումից հետո և անցյալ տարվա ընթացքում էլ բազմաթիվ անգամներ դատարանները կալանքից ազատ են արձակվել կամ հրաժարվել են կալանքի որոշումներ կայացնել նախկին պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղադրվում են խոշոր չափերի կոռուպցիայի և հափշտակությունների մեջ:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել հունիսին, իսկ ոստիկանության ներքին գործերի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանն ազատ է արձակվել երկրից չհեռանալու խոստումով այն դեպքում, երբ նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները գերազանցելու մեջ: Ընդհակառակը, պակաս հայտնի անձինք երկար ժամանակ պահվում են կալանքի տակ:  

Ըստ իրավապաշտպանների՝ 2018 թ. հեղափոխությունից հետո դատարանները սկզբում ավելի քիչ էին կիրառում կալանավորումը որպես խափանման միջոց ՝ ընտրելով այլ կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են գրավը և ստորագրված պարտավորությունները երկիրը չլքելու մասին: 2019թ-ից հետո, սակայն, իրավապաշտպանները նկատել են դատարանների աճող միտում՝ կալանքը ընտրել որպես խափանման միջոց այնպիսի դեպքերում, երբ կասկածյալները մեծ ռիսկ չէին ներկայացնում փախչել երկրից կամ չեն խոչընդոտել հետաքննությանը:

Առաջին ատյանի դատարանները սկսել են ավելի հաճախակի մերժել գրավը և կիրառել կալանքը որպես խափանման միջոց սովորական քրեական գործերում: Մյուս կողմից, նախկին պետական պաշտոնյաների մասնակցությամբ առավել աղմկոտ կոռուպցիոն գործերում դատարանները մերժում են դատախազության միջնորդությունը կալանքի վերաբերյալ, և այս հանգամանքը ստիպում է որոշ իրավապաշտպանների կասկածի տակ դնել դատարանների անաչառությունը: Իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են մտահոգություն հայտնել բանակում ոչ մարտական զոհերի կապակցությամբ, և որ իրավակիրառ մարմինները ձախողում են իրականացնել վստահության արժանի քննություն այդ մահերի կապակցությամբ:

Մեկ տարվա ընթացքում բանակի անձնակազմում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, և շատերը նկատում են, որ բանակում ինքնասպանությունները թիվը կտրուկ նվազել է այդ նշանակումների, ինչպես նաև հանրության շրջանում այդ խնդրի նկատմամբ մեծ ուշադրության արդյունքում: Զեկույցում անդրադարձ է արվում նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպության արձանագրած դեպքերին, երբ երկու կողմերից էլ գերեվարված զինվորների սպանության դեպքեր են գրանցվել: Հղում է կատարվում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներին՝ Ադրբեջանի Բարդա և Գյանջա քաղաքները հրթիռակոծելու վերաբերյալ: Զուգահեռաբար, նշվում է, որ պատերազմի ընթացքում զոհվել է 75 և վիրավորվել 167 հայ քաղաքացիական անձ: Ադրբեջանի կողմից էլ զոհվել է 98 և վիրավորվել 400 քաղաքացիական անձ:

Զեկույցի՝ խոշտանգումների վերաբերյալ բաժնում նշվում է, որ թեև Սահմանադրությունն ու օրենքն արգելում են խոշտանգումները, այնուամենայնիվ, տեղեկություններ են եղել այն մասին, որ անվտանգության ուժերի աշխատակիցները շարունակում են խոշտանգել կամ այլ կերպ բռնություն գործադրել կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ: Իրավապաշտպանների կարծիքով, չնայած քրեական օրենսգիրքը սահմանում և քրեականացնում է խոշտանգումները, այն չի քրեականացնում այլ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը:

2015թ- Քրեական օրենսգրքում խոշտանգումների նոր սահմանման ընդունումից հետո պաշտոնատար անձանց նկատմամբ խոշտանգումների մեղադրանքներ չեն եղել: Իրավապաշտպանների կարծիքով՝ իրավապահ մարմինների կողմից չարաշահման նախկին դեպքերի անպատժելիությունը նպաստում է այդ խնդրի պահպանմանը: Տեղեկություններ են եղել ոստիկանական բաժանմունքներում չարաշահումների մասին, որոնք, ի տարբերություն բանտերի և ձերբակալվածների պահման վայրերի, դիտարկման չեն ենթարկվում:

Քրեական արդարադատության մարմինները վճիռներ կայացնելիս շարունակել են հիմք ընդունել խոստովանությունները և հարցաքննության ժամանակ ստացված տեղեկությունը: Ըստ իրավապաշտպանների՝ ոստիկանությունում հարցաքննության ընթացքում վատ վերաբերմունքի դեմ ուղղված ընթացակարգային երաշխիքները, ինչպիսիք են բռնի ուժով ձեռք բերված ապացույցների անընդունելիությունը կամ դատավարական խախտումները, անբավարար են եղել: Ըստ իրավապաշտպանների՝ ոստիկանական բաժանմունքներում տեսանկարահանումն արդյունավետ չէ չարաշահումների դեմ երաշխիքներ տրամադրելու հարցում՝ հաշվի առնելով, որ նույն ոստիկանության բաժանմունքները վերահսկողություն ունեին ձայնագրությունները պահող սերվերների վրա: