Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց.վկաները կրկին չեն ներկայացել նիստին. Բերման ենթարկելու դատարանի որոշումը չի կատարվել

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց.վկաները կրկին չեն ներկայացել նիստին. Բերման ենթարկելու դատարանի որոշումը չի կատարվել
Իրավունք
17:02, 07 июль 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստին նախատեսված էր վկաների հարցաքննությունը, սակայն հրավիրված վկաներից որևէ մեկը չի ներկայացել դատական նիստին։ Ընդ որում, նշված վկաների հարցաքննությունը նախատեսված էր դեռեւս նախորդ դատական նիստերին, որոնց կրկին չէին ներկայացել։ Ավելին՝ վկաներից Սևան Քոչարյանի նկատմամբ դատարանը դեռևս նախորդ դատական նիստին հարկադրանքի միջոց կիրառելու որոշում էր կայացրել, սակայն ոստիկանության ծառայողներն այսօրվա նիստին վկային բերման չեն ենթարկել. Դատարանի որոշումը չի կատարվել, պատճառների մասին տեղեկատվություն չի տրամադրվել։

Վկաներից մյուսը՝ Եղիշե Վարդանյանը, երկրում չի գտնվում։

Նախագահող դատավորը հետաձգեց դատական նիստը՝ մինչև օգոստոսի 25-ը, ժամը՝ 14.30-ն։

Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: