Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցում քաղաքական դերակատարներ են ազդեցություն ունեցել. Քաղաքագետ

ՀՀ նախագահի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցում քաղաքական դերակատարներ են ազդեցություն ունեցել. Քաղաքագետ
Իրավունք
17:04, 31 март 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման հիմքերը, նրա նախագահ դառնալուց 3 տարի անց, կասկած են հարուցել որոշ փաստաբանների մոտ: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու 53 փաստաբաններ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն: Վերջիններս համոզված են, որ Արմեն Սարգսյանը ՀՀ  նախագահ է ընտրվել 02.03.2018թ., այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու  պահանջը, այսինքն թաքցրել է իր երկքաղաքացիության փաստը:
 
Նշենք, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մարտի 10-ին Ֆեյսբուքի իր էջում գրառել էր. «Այսօրվանից սկսում ենք նախագահ Արմեն Սարգսյանի (Armen Sakissian) վախերի բացահայտման գործընթացը» և հավելել էր, որ բրիտանական ընկերությանը հարցում է կատարել և ստացել պատասխան` առ այն, որ 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը ՀՀ նախագահը Eurasia House International-ի տնօրենն է հանդիսացել, այն դեպքում, երբ վերջինս 2013-2018թթ. գտնվել է դիվանագիտական ծառայության մեջ, իսկ օրենքով նախատեսված են դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումներ:
 
Արա Զոհրաբյանը նաև ընդգծել էր, որ իր հարցման պատասխանում նշված է այն մասին, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ունեցել 10 տարի՝ 2003 թվականից 2012 թվականը: Փաստաբանների պալատի նախագահը հղում էր արել ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասին, որի  համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Այս հիմքով նա դիմել էր Արմեն Սարգսյանին, որպեսզի վերջինս տրամադրի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու (այլևս քաղաքացի չհանդիսանալու) փաստը հաստատող փաստաթղթի պատճենը:
 
Նկատենք, որ Արմեն Սարգսյանի դեմ այս գործընթացը իրականացվեց այն դեպքում, երբ նախագահը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Սարգսյանի ազատման առաջարկը նախատեսված ժամկետում չուղարկեց Սահմանադրական դատարան` այն հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
 
«Պահանջում ենք Արմեն Սարգսյանից այսօր դիմել Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով»,-նախագահի նստավայրի մոտ նաև բանավոր էր իր պահանջը ներկայացրել Արա Զոհրաբյանը: Լրագրողների հետ զրույցում նա նաև ընդգծել էր, որ եթե նախագահը չդիմի ՍԴ իրենք կսկսեն նախագահի վախերի բացահայտման գործընթացը:
 
Առնվազն տարակուսելի է, եթե նախագահը օրենք է խախտել և թաքցնելով իր երկքաղաքացիությունը՝ դարձել է ՀՀ նախագահ, ապա ինչու է այս հարցը բարձրացվում միայն այն ժամանակ, երբ Արմեն Սարգսյանը հրաժարվում է ՍԴ դիմել ԳՇ պետի ազատման առաջարկով: Արդյոք Գլխավոր դատախազություն դիմած փաստաբանների և Փաստաբանների պալատի նախագահի դիմումը ամբողջությամբ իրավական տիրույթում է տեղավորվում:
 
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշում է, որ իրավական առումով որոշակի հարցեր կային դեռևս մինչ Արմեն Սարգսյանի նախագահի պաշտոնում նշանակվելը և ամբողջ ընթացքում եղել են այդ հարցերը: Սակայն ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական դերակատարներ նշել են դրա մասին՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: «Ես չեմ բացառում, որ եթե նախագահը դիմեր ՍԴ` այս գործընթացը չէր սկսվի: Կարծում եմ տարբեր գործոնների համախումբ է պատճառ դարձել, որ դիմել են դատախազություն և գործոնների մեջ կարևոր է Օնիկ Գասպարյանի հարցով նախագահի դիրքորոշումը: Այլ գործոններից կարող ենք դիտարկել նաև նախընտրական ժամանակաշրջանում որոշակի քաոսային իրավիճակ ստեղծելու ցանկությունը քաղաքական դերակատարների մոտ»:
 
Քաղաքագետը չի բացառում նաև այն հավանականությունը, որ նախագահի նկատմամբ այդ իրավական փաստաթղթղերի հավաքագրումը տեղի է ունեցել շատ ավելի վաղ ժամկետում, սակայն նպատակահարմարությունից ելնելով հիմա են այն բացահայտում և գործընթաց սկսում. «Ես ենթադրում եմ, որ այս գործընթացի համար որոշակի քաղաքական ուժեր են ազդեցություն ունեցել: Նախկին իշխանությունների առարկությունները Արմեն Սարգսյանի նկատմամբ մենք անընդհատ տեսել ենք, քանի որ եղել են իրավիճակներ որոնցում նախկին իշխանություններն ու նրանց ցանկությունները կատարող անձինք այլ սպասումներ ունեին նախագահից, սակայն նախագահն այլ կերպ է իրեն դրսևորել: Եվ կարող ենք ասել, որ այսքանով Արմեն Սարգսյանի անձը որպես ՀՀ նախագահ չի համապատասխանում նախկին իշխանությունների սպասումներին և նրանք միաժամանակ խնդիր ունեն նաև քաոսային իրավիճակ ստեղծելով Արմեն Սարգսյանին փոխարինել այլ անձով»:  
 
Հիշենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 2018 թ ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք և մինչ օրս պաշտոնավարում է:
 
Նարա Մարտիրոսյան