Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոչ իմ աչքին կրակողին, ոչ զենքը Մարտի մեկի գործը քննողները մինչև հիմա չեն հայտնաբերել»․ Մարտի 1-ի գործով տուժածը սպասում է արդարադատության

«Ոչ իմ աչքին կրակողին, ոչ զենքը Մարտի մեկի գործը քննողները մինչև հիմա չեն հայտնաբերել»․ Մարտի 1-ի գործով տուժածը սպասում է արդարադատության
Իրավունք
17:15, 31 март 2021
2008 թ-ի մարտի 1-ի ուշ երեկոյան Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց փողոցների խաչմերուկում աչքի հրազենային վնասվածք ու գանգոսկրի կոտրվածք ստացած Անդրանիկ Հարությունյանը, որն այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան է եղել, և իրավապահների գործողությունների արդյունքում զրկվել է աչքից, սպասելի, բայց անարդար է համարում ՍԴ կողմից 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը։ 

«Լրիվ նրանց սարքած օրենքներն են, լրիվ կապիկություն էր», -Civic.am-ի հետ զրույցում դժգոհեց «Մարտի 1-ի» գործով տուժողը։ Նրա խոսքով՝ երբ որպես տուժող գնացել են դատերի, ականատես են եղել բեմականության։ «Տեսնում էինք՝ ձեռառնոցի ա դատարանում, դրա համար որոշեցինք՝ ոչ մեկս չգնանք, մինչև գործը մտնի դատաքննության փուլ»,-ասաց նա։ 
Հարցին, թե նա հաջորդ դատական նիստին կմասնակցի՞, թե՞ ոչ, Հարությունյանը պատասխանեց, որ ինքը դեռ փաստաբանի հետ չի խոսել, սակայն «բոլոր տուժողներն էլ վիրավորված ու նեղված են այս իրավիճակից»։ 

Անդրանիկ Հարությունյանը նաև անարդար է համարում իր վերաբերյալ ՀՔԾ որոշումը վերաբացված գործով: ՀՔԾ-ն հավատացել է 2008-ի բժշկական եզրակացությանը ու վերաբացված գործով որոշել, որ Անդրանիկի վնասվածքը ոչ թե ծանր, այլ միջին ծանրության վնասվածք է: Ի դեպ, ոչ զենքը, ոչ կրակողին Մարտի մեկի գործը քննողները մինչ այժմ չեն հայտնաբերել:

«Մի քիչ ջղայնացած եմ, մի քիչ հիասթափված, բայց պայքարելու եմ մինչև վերջ»,- ֆեյբուքյան էջում ժամանակին գրել էր Անդրանիկը՝ շարունակելով. «2008 թվականի մարտի 1-ն էր: Ինձ միանգամից տարան Մալայան հիվանդանոց, քանի որ աչքս էր վիրավորվել, բուժօգնություն ցույց տվեցին: Նաև ուղեղի ցնցում և կոտրվածքներ ունեի, տեղափոխվեցի Հանրապետական հիվանդանոց, որպեսզի դեմքիս կոտրվածքներիս հետ կապված օգնություն ցույց տային, հետո պետք է վերադառնայի Մալայանի հիվանդանոց, բայց մեր նախկին իշխանության ոստիկանությունը Հանրապետական հիվանդանոցից, բառիս բուն իմաստով, գողացավ ինձ, տարավ դատախազություն»:

Ժամանակ անց Անդրանիկին տանում են դատաբժիշկի մոտ՝ Հանրապետական հիվանդանոցի բժշկի գրված թղթով: «Դրա մեջ գրված էր, որ ես բողոքում եմ աչքիս տեսողությունից , իսկ մնացած ամեն ինչ լավ է, էն դեպքում, երբ իրականում ես կորցրել էի իմ աչքի տեսողությունը, բայց դե իրենք Սերժից հրաման ունեին, և ով իրենց համար շահավետ ցուցմունք կտար, կդարձնեին ծանր վնասվածք: Ասեմ, որ ինձ դատաբժիշկը չի նայել, այլ ուղղակի թղթերով գրել է»,-գրել էր նա:

Անդրանիկն այսօր մեզ հետ զրույցում պատմեց, որ Մարտի մեկի գործի վերաբացումից հետո իր աչքի վնասվածքը գործի նյութերում միջին ծանության վնասվածքից փոխվել է ծանր վնասվածքի, անարդարությունը վերացվել է, ու անձամբ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի միջամտությամբ աչքը պետպատվերով վիրահատել են։

Լիլիթ Թադևոսյան