Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանից շուրջ 8.2 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը

Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանից շուրջ 8.2 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը
Իրավունք
17:58, 08 июль 2022
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մայիսի 31-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 11-րդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: 

Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանից, նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝   
  • Երևան քաղաքում գտնվող 17 բնակարանները, տարածքները,  շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4–ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5–ը Ծովակալ Իսակով պողոտայում, 5–ը Տերյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում,  Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող հանգստյան գոտին, Արմավիրի (համայնք Արտամետ) մարզում գտնվող 1 հողամասը, 6 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ նշված անշարժ և շարժական գույքերի միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 6.007.193.880 ՀՀ դրամ,
  • 8 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք,
  • Ստեփանակերտ քաղաքում գտնվող 6 անշարժ գույքի և 4 տրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքները՝ 337.780.000 ՀՀ դրամ,
  • 137.216.729 ՀՀ դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ, 
  • 1.743.409.007 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Ընդհանուր՝ 8.225.599.616 ՀՀ դրամ։
Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, կշարունակվեն ներկայացվել ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։ 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին