Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում 12 հայցադիմում է ներկայացվել դատարան, բայց դեռևս չունենք գույքի բռնագանձում․ դատախազ․ տեսանյութ

Այսօր՝ հուլիսի 19-ին, «Ապօրինի ծագման գույքի վերադարձ և անցումային արդարադատություն․ դասեր և մարտահրավերներ» կլոր-սեղան քննարկման ժամանակ Civic.am-ը հարցեր է ուղղել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանին։ 

-Պարոն Քոչարյան, ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով որքա՞ն գումար է բռնագանձվել, որը մուտք է եղել արդեն բյուջե, ինչպես նաև դատարանի քանի՞ որոշում կա այդ գործերով, և արդյո՞ք դրանք բողոքարկման ենթակա են, թե՞ ոչ։

-Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում 12 հայցադիմում է ներկայացվել դատարան, բայց դրանք դատաքննության փուլ դեռ նոր են մտնում։ Այսինքն դեռ բռնագանձման մասին խոսել չենք կարող, որովհետև դատական ակտեր պետք է ունենանք։

Բռնագանձման որոշումը կայացնում է դատարանը՝ բավարարելով դատախազության ներկայացրած հայցը, բայց դեռևս չունենք դատական ակտ։ Դատարանի վճիռները բողոքարկման ենթակա են ինչպես ցանկացած դատական ակտի դեպքում՝ վերաքննության, վճռաբեկության կարգով կարող են բողոքարկվել և միջազգային պրակտիկայից ելնելով դրանք շատ դեպքերում հասնում են նաև ՄԻԵԴ ու ապօրինի ծագման գույքի բռնագանձման՝ այդ թվում առանց դատավճռի բռնագանձման ինստիտուտի շրջանակներում էլ նաև կան ՄԻԵԴ-ի մի շարք որոշումներ։ Դեռևս չունենք բռնագանձում։ 

-Արդյո՞ք անձանց հետ կան բանավոր պայմանավորվածություններ, որ ապօրինի ծագման գույքը վերադարձնեն և գործը չհասնի դատարան, եթե եղել են այդպիսի պայմանավորվածություններ՝ ապա քանի՞ անձ է համաձայնության եկել։ Եվ նշեք՝ 12 հայցադիմումներով, որոնք ներկայացվել են դատարան և ընդհանրապես ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով կա՞ն մեղադրյալներ, թե՞ ոչ։ 

-Օրենքը նախատեսում է հաշտության համաձայնությունը։ Հաշտության համաձայնություն կնքելու դեպքում պետությունն ի դեմս դատախազության, կարող է մինչև 25 տոկոսի չափով ապօրինի ծագման գույքը զիջի սեփականատիրոջը։ Այսինքն կարող է նվազագույնը 75 տոկոսը բռնագանձվի հօգուտ պետության և դատարան չհասնի գործը։ Հաշտության համաձայնությունը նորից դատարանն է հաստատում, բայց դատարանում վեճ չի լինում։ Ունեցել ենք բանակցություններ, որոնց մի մասը այդպես էլ իրենց նպատակին չի հասել՝ ընդհանուր հայտարարի չգալով գործերը գնացել են դատարան։ Ունենք նաև ընթացիկ բանակցություններ։ Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ օրենսդրությունը նոր է և դեռևս չկա առաջին բռնագանձումը՝ մարդիկ հույսեր են փայփայում, որ գուցե ինչ-որ բան ինչ-որ օր փոխվի և չեն ուզում առաջինը լինել, ովքեր հոժարականորեն պետք է հաշտությունը ստորագրեն։ Եվ երկրորդը՝ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հետ կապված հույսեր ունեն, որ կարող է օրենքի սահմանադրականության հետ կապված խնդիրներ առաջանա։ Ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթը քաղաքացիական է, մենք անձանց քրեական պատասխանատվության չենք ենթարկում, որպես կանոն հիմքերը քրեական գործերն են, բայց երբ բռնագանձման վարույթն սկսվում է դա լրիվ առանձին վարույթ է և քրեական գործի հետ կապ չունի։   

-Սեյրան Օհանյանի գործով, երբ դատախազության հրապարակումը եղավ ինքը և կինը կտրականապես հերքեցին, որ որևէ առնչություն ունեն ապօրինի ծագման գույքի հետ։ Այս դեպքում ի՞նչ քայլեր է ձեռնարկում դատախազությունը։ 

-Պարոն Օհանյանի գործը դատարանում է, 12 հայցադիմումներից մեկը Օհանյանինն է։ Դատախազությունն իր կատարած ուսումնասիրության արդյունքներով հայց է ներկայացրել դատարան, մնացածն արդեն դատարանի տիրույթում է։ Եթե դատարանը կգտնի, որ պատասխանողների դիրքորոշումն է ավելի արժանահավատ և հիմնավորված մենք այդ դեպքում խնդիր չունենք։

Նարա Մարտիրոսյան


Մանրամասն՝ տեսանյութում