Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ու մեղադրող դատախազները նկատողություն ստացան` նախորդ նիստին դատավարական կարգը խախտելու համար

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ու մեղադրող դատախազները նկատողություն ստացան` նախորդ նիստին դատավարական կարգը խախտելու համար
Իրավունք
14:26, 02 апрель 2021
Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն է: Դատավոր Աննա Դանիբեկյանը ինչպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից, այնպես էլ դատախազներից բացատրություն էր պահանջել. փաստաբաններից` այն բանի համար թե ինչու լքեցին նիստերի դահլիճը մարտի 26-ի նիստի ժամանակ, իսկ դատախազներից` դատական նիստին չներկայանալու համար:

Դատախազները շարունակելով իրենց բացատրությունը` նշեցին, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո` դատարանը պետք է կիրառի կոնկրետ նորմ, և այդ նորմի կիրառության հետ կապված իրենք` բոլոր դատախազները տեսնում են խնդիր, որը պետք է քննարկվեր, և որի համար ժամանակ էր պետք:

Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը, հակադարձելով դատախազներին, շեշտեց, որ դատական նիստին բացի միջնորդությունից, այլ հարցեր էլ են քննարկվում, և հավելեց, որ մասնավորապես նախորդ նիստին պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած դիմումը` սահմանահատումը թույլատրելու վերաբերյալ, որը դատախազների բացակայության պատճառով հնարավոր չեղավ. “Միջնորդությունը հիմք չէր դատական նիստին չներկայանալու համար: Դատարանը կարող էր տալ ժամանակ դատախազներին` միջնորդությունը պատրաստելու համար”:

 Դատավոր Աննա Դանիբեկյանը ոչ իրավաչափ համարեց փաստաբանների և դատախազների դրսևորած վարքագիծը նախորդ դատական նիստին: Աննա Դանիբեկյանը փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի , ինչպես նաև դատախազներին հայտարարեց նկատողություն. փաստաբաններին` առանց նախագահողի թույլտվությամբ դատական նիստը լքելու համար, իսկ դատախազներին` նիստին չներկայանալու համար: Այնուհետև Աննա Դանիբեկյանը հավելեց, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
 
 
Հիշեցնենք, որ ՍԴ հակասահամանադրական է ճանաչել ՔՕ 300.1 հոդվածը և ըստ փաստաբանների քրեական գործը ենթակա է կարճման: