Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դատարանը պիտի ստիպված լինի կասեցնել գործը, ուղարկել Սահմանադրական դատարան»․ Սեդա Սաֆարյան

«Դատարանը պիտի ստիպված լինի կասեցնել գործը, ուղարկել Սահմանադրական դատարան»․ Սեդա Սաֆարյան
Իրավունք
15:43, 02 апрель 2021
Այսօր պարզ դարձավ, որ Գլխավոր դատախազը երեկ՝ սույն թվականի ապրիլի 1-ին, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան։

Նա դիմումով վիճարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ կետին համապատասխանությունն այնքանով, որքանով դրանք անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն՝ հնարավորություն չտալով որևէ դատավարական գործողություն կատարել և ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել նրա արարքը։

Վերոգրյալի առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում Մարտի 1-ի գործով զոհերի իրավահաջորդների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանն ասաց, որ այդ ամենի մասին տուժող կողմի ներկայացուցիչները շատ ավելի վաղ են ասել։

«Ասողին լսող է պետք։ Երբ այդքան քննարկում է լինում և տեսնում ես, որ մեղադրական եզրակացությունը շատ դրվագներով և հոդվածներով մեղադրանքների է առնչվում, իսկ Դատախազությունը մի հոդվածով է գործը  բերում դատարան, մնացածը դնում է մի կողմ՝ սա է խնդիրը», - մանրամասնեց Սեդա Սաֆարյանը։ 

Հարցին, թե գլխավոր դատախազի դիմումը ինչ ազդեցություն կթողնի Քոչարյանի գործով դատավարության վրա, Սաֆարյանն ասաց․ «Ի՞նչ ազդեցություն պետք է ունենա։ Եթե անկեղծ՝ կարծում եմ հիմք էլ չկա։ Դատարանը պիտի ստիպված լինի կասեցնել գործը, ուղարկել Սահմանադրական դատարան, որ հիմա էլ նորից բոլոլա սարքեն՝ ետ ուղարկեն։ Այդքան բան»։

Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Իսկ օրեր առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց 300.1 հոդվածը, որով մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին։

Մեղադրող կողմը նախորդ դատական նիստին չէր ներկայացել և խնդրել էր դատարանին հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանա ծավալուն միջնորդությամբ հանդես գալ։
 
Վովա Հակոբյան