Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարիք չկա, որ ես այնտեղ լինեմ, առանց ինձ էլ դատավորը կարող է որոշում ընդունել և ՍԴ-ի պահանջը կատարել․ Սեյրան Օհանյան

Կարիք չկա, որ ես այնտեղ լինեմ, առանց ինձ էլ դատավորը կարող է որոշում ընդունել և ՍԴ-ի պահանջը կատարել․ Սեյրան Օհանյան
Իրավունք
17:49, 02 апрель 2021
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստին, երբ մեղադրանքի կողմը հայտարարեց, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել, դատավոր Աննա Դանիբեկյանը նիստն ընդմիջեց, որպեսզի պաշտպանական կողմին տրամադրվի ներկայացվող միջնորդությանը ծանոթանալու համար, քանի որ միջնորդության երկրորդ օրինակը մեղադրողների մոտ առկա չէր։

Ընդմիջումից հետո, սակայն, մեղադրյալներ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և նրանց պաշտպանները չներկայացան դատական նիստին, ինչից հետո դատավորը կրկին ընդմիջում հայտարարեց, որպեսզի պարզեն նրանց նիստին չներկայանալու պատճառը։

Civic.am-ը կապ հաստատեց Սեյրան Օհանյանի հետ՝ պարզելու, թե որն է նիստին չներկայանալու պատճառը, ինչին ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց․  «Պատճառն այն է, որ դատավորը հայտարարել է ընդմիջում, մենք մի քանի անգամ հարցրել ենք, թե քանի՞ րոպեով է  լինելու ընդմիջումը, ինքը չի ասել, մենք էլ գնացել ենք։ Մինչև հիմա ես չգիտեմ ընդմիջում է, թե ինչ է»։

Վերջինիս կարծիքով՝ այս ամենի նպատակն այն էր, որ Դատախազության միջնորդությունը բերվեր և ներկայացվեր, իսկ դատախազներն այդ միջնորդությունն իրենց մոտ չունեին։

«Մենք դատավորին մի քանի անգամ ասացինք՝ խնդրում ենք հրապարակել՝ Քրօրենսգրքի ո՞ր հոդվածի հիման վրա եք դուք այսօր նիստ հրավիրել, ինքը համառորեն չհրաապարկեց։ Այսիքն՝ ինքը պետք է հրապարակեր այն հոդվածը, որը ՍԴ-ն համարել է հակասահմանադրական։ Այս ամենը միտում է, որպեսզի ձգձգվի ՍԴ-ի որոշումը՝ հակասահմանադրական ճանաչված այդ հոդվածը վերացնելը։ ՍԴ-ն որոշում է ընդունել, ինքը հաջորդ նիստում չկատարեց իր պարտականությունները։ Բացի դրանից, ես գտնում եմ, որ անհրաժեշտություն չկա, որ ես այնտեղ լինեմ, առանց ինձ էլ դատավորը կարող է որոշում ընդունել և ՍԴ-ի պահանջը կատարել»,- ասաց Սեյրան Օհանյանը։