Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վովա Գասպարյանի թիկնազորի նախկին պետ, հանցավոր ճանապարհով ստացած գույքի օրինականացման մեջ մեղադրվող Արշակ Հակոբյանը մոտ 1,4 մլն ԱՄՆ դոլար գրավով ազատ է արձակվել կալանքից

Վովա Գասպարյանի թիկնազորի նախկին պետ, հանցավոր ճանապարհով ստացած գույքի օրինականացման մեջ մեղադրվող Արշակ Հակոբյանը մոտ 1,4 մլն ԱՄՆ դոլար գրավով ազատ է արձակվել կալանքից
Իրավունք
14:45, 02 август 2022
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը օրերս ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր պաշտպանյալը գրավով ազատ կարձակվի։  

Civic.am-ի տեղեկություններով՝ Արշակ Հակոբյանն ազատ է արձակվել 562 մլն դրամ գրավի դիմաց։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան՝ օգոստոսի 1-ին, Արշակ Հակոբյանի տան բակում՝ Էրեբունի թաղամասում, երգիչներ են հրավիրվել, հնչել է նաև «Կեր-խմի, քեֆ արա Արշակ ջան, աշխարհը խալի է ոտքիդ տակ» երգը։  

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու, ինչպես նաև ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար:
Արշակ Հակոբյանն ավելի քան 6 ամիս կալանավորված էր։