Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի լիազորությունները դադարեցվել են

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի լիազորությունները դադարեցվել են
Իրավունք
11:56, 03 август 2022
Օգոստոսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել, որի համաձայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վիգենի Սիմոնյանի լիազորությունները դադարեցվել են։

Որոշման մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի Վիգենի կողմից 2022 թվականի օգոստոսի 2-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 2022 թվականի օգոստոսի 3-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վիգենի Սիմոնյանի լիազորությունները համարել դադարած»:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարական է ներկայացնում, 2-րդ մասի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնին Սիմոնյանը նշանակվել էր ՀՀ նախագահի 2021 թ․ հոկտեմբերի 25-ի հրամանագրի համաձայն։
Ավելի վաղ ևս՝ 2018 թվականի մայիսի 17-ին Տիգրան Սիմոնյանը նախագահի հրամանագրով նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն հրաժարական է ներկայացրել և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են: Վերջինս նշանակվել էր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում, սակայն 2019 թվականի հունիսին ազատվել զբաղեցրած պաշտոնից։