Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործը կուղարկվի նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարան՝ հետագա քննության

Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործը կուղարկվի նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարան՝ հետագա քննության
Իրավունք
15:23, 11 август 2022
ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն առաջիկայում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ չի քննվի։

Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ գործը դեռևս վերաբաշխման չի հանձնվել, ամենայն հավանականությամբ, գործը կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան՝ հետագա քննության։ Նշենք, որ գործը դեռևս դատաքննության՝ ապացույցների հետազոտման փուլում չէ, հետևաբար, ըստ գործող կարգավորումների, ընդդատյա է Հակակոռուպցիոն դատարանին։

Հակակոռուպցիոն դատարանը, թեև արդեն, ըստ էության ձևավորվել է, ՀՀ նախագահն արդեն իսկ ստորագրել է հրամանագրեր՝ Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավորներ նշանակելու մասին, սակայն դատավորների երդմնակալության արարողությունը դեռևս չի եղել, հետևաբար, դատարանը փաստացի դեռևս չի գործում։

Ըստ այդմ՝ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստը դատավոր Մանվել Շահվերդյանը հետաձգել է՝ մինչև Հակակոռուպցիոն դատարանի դատավորների երդմնակալության արարողության օրը հայտնի կլինի, ինչից հետո կքննարկվի ընդդատության հարցը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։