Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին

Պաշտպանը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին
Իրավունք
22:27, 05 апрель 2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 5-ին ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ այդպիսով նպատակ ունենալով հոգեկան տառապանք պատճառել նաև նրանց ընտանիքներին:

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը հանգամանորեն ներկայացրել է մարդու իրավունքների լրջագույն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո սահմանների հետ կապված անթույլատրելի արագությամբ ընթացող գործընթացի պատճառով:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից հայտնում են նաև, որ հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի և դեսպանության հետ ձևավորած արդյունավետ համագործակցությունը: Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։