Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի բացահայտում կարող է տեղի ունենալ, երբ դատավարությունը սկսվի կոնկրետ Քոչարյանից. իրավահաջորդները պատասխանում են Ալումյանին

Մարտի 1-ի բացահայտում կարող է տեղի ունենալ, երբ դատավարությունը սկսվի կոնկրետ Քոչարյանից. իրավահաջորդները պատասխանում են Ալումյանին
Իրավունք
11:24, 06 апрель 2021
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերով՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների թիրախը պիտի լինի Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը, որը քննում է հենց տասը սպանությունը։ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ Ալումյանն ընդգծել է, որ ՀՔԾ-ն ամբողջ գործիքակազմն ունի․ «Իրենց թիրախը պետք է լինի ոչ թե էս գործը, որը սպանությունների հետ կապ չունի, ինչպես հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետը, ինչպես հայտարարել է մեղադրող Բիշարյանը, ինչպես հայտարարում ենք մենք, իրենց թիրախը պիտի լինի էն գործը Հատուկ քննչական ծառայությունում, որը քննվում է հենց էդ տասը դեպքերի հետ կապված, բայց տարօրինակ ձևով իրենք ոչ մի ձևով պրոբլեմ չեն տեսնում նրա մեջ, որ էնտեղ գործը մինչև հիմա բացահայտված չէ, գոնե մի սպանություն բացահայտված չէ, և իրենք տարօրինակ ձևով ամբողջությամբ թիրախավորում են էս գործը, որը կապ չունի տասը սպանությունների հետ»։

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, իրենք անհամբեր սպասում են ՀՔԾ-ում քննվող քրեական գործի ավարտին, որպեսզի սպանությունների հանգամանքները ևս պարզվեն, բայց դա որևէ կապ չունի ներկայումս դատարանում քննվող գործի հետ, և իրենք նույնությամբ սպասում են նաև այս գործի դատաքննությանը և Քոչարյանի ու մյուսների՝ պատասխանատվության ենթարկվելու օրվան։ Տիկին Հովհաննիսյանի խոսքերով՝ Քոչարյանի փաստաբանները նման մանիպուլյացիաներով փորձում են իրենց, ինչպես նաև հանրության ուշադրությունը շեղել սահմանադրական կարգի տապալման գործից։ «2.5 տարի է՝ Քոչարյանի փաստաբաններն ամեն ինչ անում են, որ դատաքննություն չսկսվի։ Հիմա էլ ամեն ինչ հենց դրա համար են անում։ Բայց փաստը մնում է փաստ։ Փաստը նա է, որ զորքը բերել են ժողովրդի դեմ, այդ ժամանակ հրամանատարը եղել է Ռոբերտ Քոչարյանը, բոլոր հրամանները տվել է Ռոբերտ Քոչարյանը։

Ես կոնկրետ իմ երեխայի դեպքում եմ ասում։ Իմ տղան զոհվել է հատուկ միջոցից, իսկ հատուկ միջոց գործադրողները հրաման են կատարել։ Իսկ այդ ամենի գլխավոր պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, ու միայն դատարանում, դատաքննության ժամանակ կարող ենք իմանալ, թե Քոչարյանը ում է հրահանգ տվել։ Վկաները երբ գան դատարան, արդեն ամեն ինչ կբացահայտվի, պարզ կդառնա, թե ինչպես է մեխանիզմն աշխատել, ով է հրահանգ տվել, ով է հրամանը կատարել, ինչու և այլն։ Դրա համար Քոչարյանի փաստաբանները իրար են խառնվել, որ դատաքննությունը չսկսվի, ու վկաները դատարան չգան, գործի նյութերը չհրապարակվեն։ Կրկնում եմ՝ Մարտի 1-ի բացահայտում իրականում կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ դատաքննությունը սկսվի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանից։ Միայն նա է ամեն ինչի գլխավոր պատասխանատուն»,- ասաց տիկին Ալլան՝ Ալումյանին հիշեցնելով, որ իրենք շատ լավ գիտեն՝ իրենց թիրախը ով է, և գիտեն՝ ումից ինչ պահանջել։ «Գործում 80 հատոր կա։ Դատարանում այդ վկայությունները, նյութերի հրապարակումից մենք արդեն կհասկանանք, թե ով ինչքան է պատասխանատու սպանությունների համար, ինչ չափով»,- ասաց տիկին Ալլան՝ հավելելով, որ ամեն դեպքում Մարտի 1-ի գործի ներկա վիճակի, դատավարության այս պատկերի համար ինքը շատ է մեղադրում օրվա իշխանությանը։ «Ինչքան էլ իրենք ասեն՝ մենք չենք խառնվում դատարանների գործին, բայց երբ օրենքը չի գործում, ով ինչ ուզում, անում է, դու չես կարող այդ բեսպրեդելը կանխելու համար քայլեր չձեռնարկել։ Զոռբայության վերջը պետք է տալ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը մեզ հետ զրույցում ևս ասաց, որ իրենք շատ լավ գիտեն իրենց առաջնահերթությունները, թիրախները։ «Մենք ասում ենք՝ եկեք քննենք գործի 85 հատորը, տեսնենք՝ ով է հրաման տվել մեր երեխաներին սպանել։ Սա ամենահասարակ բանն է։ Տեսնենք՝ ով է հրաման տվել կիրառել «Չերյոմուխա 7» տեսակի զենքը, որով սպանություն է կատարվել։ Ով պետք է դրա համար պատասխան տա, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա ասում են՝ պատերազմի համար մեղավոր է գերագույն գլխավոր հրամանատարը՝ Ռոբերտ Քոչարյանը, և ինքը պետք է պատասխանատվություն կրի։ Բա 2008 թվականին ո՞վ էր գերագույն գլխավոր հրամանատարը։ Ինչու Քոչարյանին դավաճան անվանող չկա։ Ինչո՞ւ չեք պահանջում, որ նա պատասխան տա իր հրամանների համար։ Քոչարյանն ու իր բանդան պետք է պատասխան տան ամեն ինչի համար։ Այնպես որ և՛ սահմանադրական կարգի տապալման գործը, և՛ սպանության գործերը, որ հիմա քննվում են, ուղիղ ձևով կապված են իրար հետ։ Չլինեին փետրվարի լույս մարտի 1-ի դեպքերը, քնած ժողովրդին չջարդեին, չէր լինի Մարտի 1, չէին լինի սպանությունները։ Ամեն ինչ շատ պարզ է ու փոխկապակցված»,- ասաց Քլոյանը՝ վերջում ավելացնելով. «Մարտի 1-ի էջը բացել է Ռոբերտ Քոչարյանը, և այն փակելու են ՀՀ քաղաքացիները։ Դա թող շատ լավ հասկանան թե՛ Սահմանադրական դատարանում, թե՛ այլ ատյաններում»։