Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն․ մենք նույնիսկ մոտ չենք անկախ դատական համակարգ ունենալուն»․ Ռուստամ Բադասյան

«Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն․ մենք նույնիսկ մոտ չենք անկախ դատական համակարգ ունենալուն»․ Ռուստամ Բադասյան
Իրավունք
12:39, 07 апрель 2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով ՍԴ ճգնաժամին, նշեց, որ ճգնաժամը կայանում էր նրանում, որ ՍԴ-ում կային դատավորներ, որոնք փաստացի ունեին տարբեր կարգավիճակներ և ճգնաժամի հաղթահարումը վերաբերում էր դրան, ապա հիշեցրեց, որ այն հարցին, թե կարո՞ղ ենք այս փոփոխությունները համարել բավարար, ինքը մշտապես պատասխանել է, որ դատական համակարգում կան խորքային խնդիրներ։

«Ես չեմ ասել, որ սրանով մենք կունենանք անկախ դատական համակարգ և ասել եմ այն կոմպոնենտները, որոնք պետք է իրականացվեն, որպեսզի հասնենք անկախ դատական իշխանության ձևավորմանը։ Ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին», - ասաց Բադասյանը։

Հարցին, թե ՍԴ այս որոշումը դատական համակարգում փոփոխությունների ձախողման արդյու՞նք են, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց, որ կարող է լինել ցանկացած մեկնաբանություն և ինքը մշտապես պնդել է, որ մենք նույնիսկ մոտ չենք անկախ դատական համակարգ ունենալուն։ Ոլորտում կան խորքային խնդիրներ թե՛ քրեական, թե՛ վարչական, թե՛ քաղաքացիական գործերով բոլոր մակարդակներում։