Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետբյուջեից կես մլրդ դրամ հափշտակության մեղադրանքով Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առանցքային վկան երրորդ նիստն է՝ չի ներկայանում հարցաքննության

Պետբյուջեից կես մլրդ դրամ հափշտակության  մեղադրանքով Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առանցքային վկան երրորդ նիստն է՝ չի ներկայանում հարցաքննության
Իրավունք
16:06, 25 август 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, պետբյուջեից կես մլրդ դրամ հափշտակության  մեղադրանքով Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստերն արդեն երրորդ անգամ հետաձգվում են՝ գործով առանցքային վկայի՝ Սևակ Քոչարյանի չներկայանալու պատճառով։

Նշենք, որ հենց Սևակ Քոչարյանի հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործը, որը նախաքննության ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել է, սակայն դատարան չի ներկայանում՝ արդեն երրորդ դատական նիստն է նրա պատճառով հետաձգվում։

Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

pastinfo.am