Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կալանավորում օրեր առաջ Տավուշի մարզում տեղի ունեցած սպանության գործով․ ՔԿ

Կալանավորում օրեր առաջ Տավուշի մարզում տեղի ունեցած սպանության գործով․ ՔԿ
Իրավունք
11:02, 26 август 2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Իջևան համայնքի 23-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 1990թ. ծնված բնակիչ է:

Քննությամբ ձեռք բերված  տվյալների համաձայն,  2022 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Իջևան համայնքի 32-ամյա բնակչի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում, գումարային հարցերի շուրջ,  վիճաբանություն է ծագել վերջինիս և հիշյալ 23-ամյա երիտասարդի միջև, որը շարունակվել է Վազաշեն բնակավայրին հարող հանդամասում: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը մեքենայից վերցված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին՝ այդ կերպ վերջինիս ապօրինաբար զրկելով կյանքից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: