Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ասում էր՝ մե՛կ աջ, մե՛կ ձախ կրակեք»․ նորակոչիկների գումարտակին միայնակ թողնելու հրամանատարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա. տեսանյութ․ hetq.am

Հադրութ քաղաքի մոտակայքում՝ Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով 40 վկա, 15 տուժողի իրավահաջորդ կա։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց դատավոր Ջոն Հայրապետյանը։

Դատարանը ցուցմունք տալու համար այսօր 3 վկա էր հրավիրել էր, սակայն նիստին ներկայացել էր նրանցից երկուսը։

Առաջինը վկայություն տվեց Ենոք Ավետիսյանը։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Ենոքը 1 ամսվա զինծառայող էր։ Նա դատարանում հայտնեց, որ Իշխան Վահանյանին չի տեսել և չի էլ ճանաչել։ Նրա խոսքով՝ մի քանի օր էր, ինչ ծառայում էր նորակոչիկների 5-րդ գումարտակում, այդ պատճառով էլ վերադաս հրամանատարությանը չի ճանաչել։

«Ոնց որ հոկտեմբերի 6-ն էր, մոտ 2-3 դասակով գնացինք Հադրութի գերեզմաններ, կռիվ է եղել, նահանջ հրաման են տվել, իջել ենք, վիրավորների հետ գնացել ենք դպրոց, առավոտյան էլ տարել են սար։ Վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի հետ ենք եղել»,- հայտնեց վկան։

Դատախազ Գևորգ Ավետիսյանը հարցրեց, թե ի՞նչ մարտական առաջադրանք են ստացել սարի վրա։

«Էդ սարի վրայից պիտի հսկեինք Հադրութ քաղաքը»,- նշեց Ենոք Ավետիսյանը։

Թե ով էր հրամաններ տալիս, ղեկավարում գործողությունը, վկան չգիտեր։ Դատախազը հարցրեց՝ արդյոք այդ ժամանակ Վահանյանին չէր տեսել։

«Կարող ա տեսել եմ, բայց չգիտեի, չէի ճանաչում, մենակ հրամանատար Հայկազին գիտեի։ 

Որտեղ դիրքավորվել էինք, դիմացը սարեր էին, երևում էր, որ հակառակորդը գալիս ա, դիմացից»,- նշեց Ենոքը։

«Ոչ Հադրութի կողմից»,- ճշտեց դատախազը։

Վկան գլխի շարժումով դրական պատասխան տվեց, որից հետո ասաց․ «Մերոնք կրակում էին, ավտոները խփում էին (հեղ․- նկատի ունի, որ ադրբեջանական մեքենաները), 1 օր մնացել ենք սարում, հոկտեմբերի 11-ին արդեն միանգամից հարձակվել են։ Սկսել են կրակել, հետո նահանջի հրաման ենք ստացել, իջել ներքև»։

Վկան չկարողացավ ասել, թե ով է տվել նահանջի հրամանը՝ նշելով, որ ծառայակիցներն են ասել, որ նահանջ է։ Ինքը սպաներից որևէ մեկին չի տեսել։

«Սարից իջել ենք ներքեւ, մեքենաների մոտ, ճանապարհին շարված էին, հասանք, հետո մեքենաները գնացին, մինչև իջել ենք, մեքենաները շարժվել են, հետո էդ ճանապարհով գնացինք Հադրութի կողմ, առանձնացանք»,- ասաց նա։

Դատախազ Գևորգ Ավետիսյանը հարցրեց․ «Չկա՞ր ձեր ղեկավարությունից մեկը, որ ձեզ ուղղորդեր՝ ո՞ր ուղղությամբ գնաք, ո՞նց նահանջեք»։

Ենոքը բացասական պատասխան տվեց։

«Պիտի հրամանատար լիներ, որ․․․»,- դահլիճից բարձրաձայնեց ծնողներից մեկը։

«Տականք, գլուխդ ի՞նչ ձև ես դնում բարձին»,- դահլիճում լսվեց զոհված մեկ այլ զինծառայողի մոր ձայնը։ 

Դատախազ Գևորգ Ավետիսյանը հակասություն տեսավ վկայի՝ քննիչին և դատարանում տված ցուցմունքներում։ Եվ հաշվի առնելով, որ վկան որոշ հանգամանքներ չի մտաբերում, միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ հիշեցնելով, որ Ենոքը ցուցմունք է տվել 2022 թ․ հունվարի 10-ին։

Դատախազը կարդաց ցուցմունքի այն հատվածները, որոնք հակասում էին դատարանում տվածին։ Նախաքննական ցուցմունքում Ենոքը նշել է, որ վաշտի անձնակազմով Հադրութի դպրոց տեղափոխվելիս հրամանատարական անձնակազմից իրենց հետ եղել են նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար, ավագ ենթասպա Ղարիբ Ջավադյանը, վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանը, շտաբի պետ Իշխան Վահանյանը և այլ սպաներ։

Դատախազը շեշտեց, որ դատարանում տված ցուցմունքում վկան ասաց, որ Իշխան Վահանյանի մասին առաջին անգամ տեղեկացել է պատերազմից հետո՝ համացանցի միջոցով, սակայն նախկին ցուցմունքում ասել է, որ դպրոցում տեսել է նրան։

Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, երբ Ենոքն ասաց, որ չի հիշում։

Դատավորն էլ հիշեցրեց՝ կարևորը ճիշտ ցուցմունք տալն է։

«Երբ հարցաքննության եմ եղել, էդ ժամանակ շատ բաներ քննիչին ասել եմ, որ չեմ հիշում, ընդհանուր կարծիքի վրա իմը գրել ա»,- հայտնեց վկան։

Դատախազը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Ենոքի նախաքննական ցուցմունքում նշված է, որ Իշխան Վահանյանը Հադրութի դպրոցում հավաքել է ամբողջ 5-րդ գումարտակին և ասել՝ կգնաք մի հանգիստ տեղ, 3-րդ գիծ։ Դրանից հետո վաշտին տարել են Հադրութ քաղաքում գտնվող «թուրքի գերեզմաններ»։

«Չեմ հիշում՝ ով էր, բայց հա, ուրեմն ինքը»,- ասաց վկան։

«Դեպքը եղել է, բայց անձին չե՞ք հիշում»,- հարցրեց դատավորը

Դատախազն էլ հարցրեց՝ այդ դեպքում ինչպե՞ս է գրել Իշխան Վահանյանի անունը։

«Էդ ժամանակ ինչ հիշել եմ, էդ եմ ասել քննիչին»- նշեց նա։

Դատախազը նախաքննական ցուցմունքից մեկ այլ դրվագ էլ կարդաց, որտեղ նշված էր, որ հոկտեմբերի 9-ին սարի ստորոտում Ենոքը նկատել է Իշխան Վահանյանին և հրամանատարներից մի քանիսին։ 

Վկան հաստատեց՝ ասելով․ «Կարող ա ասել եմ հրամանատար, քննիչը էդպես է գրել»։

Դատավորը հիշեցրեց, որ Ենոքն ասաց՝ դեմքով չգիտի Վահանյանին, բայց ցուցմունքում 4 անգամ նրա անունը կա։

Մեկ այլ դրվագում վկան նկարագրում է Խուռհատի վրա տեղի ունեցածը․ «Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը հարձակվել է դիրքերի ուղղությամբ, հիշում եմ, որ այդ ժամանակ մայոր Իշխան Վահանյանը գտնվում էր սարի ներքևի հատվածում՝ մեքենաների մոտ ու ասում էր, որ կրակենք մե՛կ աջ, մե՛կ ձախ։ Ինձ համար պարզ էր, որ նա չի տիրապետում իրավիճակին։ Հասկանալով, որ թշնամու ուժերն ավելի են, չենք կարողանում պաշտպանվել, իջել ենք սարից, վիրավորներին իջեցրել․․․հետո խոսակցություններից իմացել եմ, որ հրամանատար Իշխան Վահանյանն իբր վիրավորվել է ու փախել»։

Դատախազը հիշեցրեց այս դրվագը, Ենոքն ասաց, որ տեսել է Վահանյանին։ Երբ դատավորը շարունակեց հարցեր տալ, Ենոք Ավետիսյանը խնդրեց դուրս գալ։ Դատավորը 3 րոպե ընդմիջում հայտարարեց։

Հաջորդ վկան Արգիշտի Աբրահամյանն էր։ Նրան ավելի շատ հարցեր տվեց տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ Նա ճշտեց հրամանատարների անունները, պատերազմի սկզբից իրականացրած գործողությունները։

Արգիշտին նշեց, որ պատերազմի սկսվելուց 2 օր առաջ Ջրականի զորամասում ուսումնական տագնապ էին հայտարարել։ Դեռ այդ ժամանակ խոսակցություններ են եղել, որ սահմանին կուտակումներ կան, հնարավոր է՝ իրավիճակը լարվի։

Գրիգորյանն ասաց, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել այլ անձանց գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար։

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 5-ին։

Աղբյուր՝ hetq.am