Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը քննում է Արցախի նախկին ՊՆ Միքայել Արզումանյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը քննում է Արցախի նախկին ՊՆ Միքայել Արզումանյանին կալանավորելու միջնորդությունը
Իրավունք
17:58, 31 август 2022
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Աջափնյակի նստավայրում այս պահին քննվում է նրա խափանման միջոցի հարցը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նշենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի անկման համար: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ըստ այդմ, Արզումանյանը չի ապահովել ու չի վերահսկել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու  առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, չի դրսեւորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման անընդհատությունը, ներդաշնակ եւ լիարժեք հրամանատարությունը եւ այլն: Հաղորդագրությունում նաեւ բազմաթիվ մանրամասներ են բերվում, թե որ հատվածներում նա չի ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, չի կիրառել մարտունակ ջոկատներ, որ իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի ջոկատներն արդեն ներթափանցել էին Շուշի, որ այնպիսի վայրերում է տեղակայել յուրային ուժերին, որ նրանք հայտնվել են շրջապատման մեջ, որ չեն կիրառվել կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։