Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրենց ուզածը 150 հազար դրամ չի՞. բռնության կոչ հնչեցրած Քոչարյանի աջակից Սայաթ Շիրինյանը պահանջել է արդարացնել իրեն

Իրենց ուզածը 150 հազար դրամ չի՞. բռնության  կոչ հնչեցրած Քոչարյանի աջակից Սայաթ Շիրինյանը պահանջել է արդարացնել իրեն
Իրավունք
16:00, 02 сентябрь 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, երեկ կայացել է ՀՀ ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պաշտպանության կողմը պահանջել է արդարացնել Սայաթ Շիրինյանին՝ առաջադրված մեղադրանքում։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինքը՝ Շիրինյանը, պաշտպանական ճառում հայտարարել է․ «Եթե ես հանցագործություն կատարած լինեի, տղամարդավարի կասեի՝ այո, արել եմ, չէի ասի՝ ներողություն եմ խնդրում, իրենց ուզածը՝ 150.000 դրամը չի՞»։

Դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 13-ը։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն 2020 թվականի դեկտեմբերի 23-ին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Շիրինյանը Facebook սոցցանցում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում է արել՝ ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,- գրել էր Շիրինյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

Գրառում կատարելու դեպքի առթիվ 2020 թ. դեկտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել, և խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Իսկ վերջերս դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերացրեց Շիրինանի խափանման միջոցը։

Ոստիկանության միջին օղակում աշխատած Սայաթ Շիրինյանը, ըստ 2021-ին ԿԸՀ ներկայացրած իր հայտարարագրի, ունի 3 անշարժ գույք Երևանում՝ 2 բնակարան և 1 ավտոտնակ: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ 2011 թվականի «Toyota Avensis ZRT271» և 2016 թվականի «Lexus RX 450h»:

Նշենք, սակայն, որ մերօրյա Կորեյկոն այդպես էլ չի բացահայտել հանրության համար, թե ինչպե՞ս է կարողացել պետական աշխատավարձով դոլարային միլիոնատեր դառնալ՝ առանց կոռուպցիայի և քրեաօլիգարխիկ կապերի, և նման հարստության պարագայում քանի՞ հոգի կարող է հավատել նախկին գնդապետ-ոստիկանի անբասիր կերպարին։ 

Ընդ որում, վերջին 1 տարում Շիրինյանը ընդամենը 1 մլն 716 հազար դրամ կենսաթոշակ է ստացել: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, սակայն, նա ունեցել է 250 մլն դրամ, 150 հազար եվրո և 750 հազար դոլար: