Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գևորգ Լոռեցյանի նախկին վարորդի պաշտպանը միջնորդեց կարճել գործի վարույթը և դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը

Գևորգ Լոռեցյանի նախկին վարորդի պաշտպանը միջնորդեց կարճել գործի վարույթը և դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը
Իրավունք
17:33, 08 апрель 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ գործով անցնող մեկ այլ մեղադրյալի՝ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտպան Ալեքսան Թումասյանը, հենց դատական նիստի սկզբում հայտարարեց, որ իր պաշտպանյալը ցանկանում է ցուցմունք տալ։ Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հիշեցրեց, որ իրենք արդեն ընդունել են ապացույցների հետազոտման կարգը, սակայն բավարարեց միջնորդությունը՝ նշելով, որ ամեն ապացույցի հետազոտումից հետո կթույլատրի հանդես գալ հայտարարությամբ կամ ցումունք տալ՝ տվյալ ապացույցի վերաբերյալ։ 

Դրանից հետո Հովհաննիսյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի դատարանը կարճի գործի վարույթը  և իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնի՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Մեղադրող Դավիթ Սարգսյանն էլ, հայտնելով իր դիրքորոշումը՝ միջնորդության վերաբերյալ, ասաց, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։ Այս պահին դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։  
 
Հիշեցնենք, որ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2019թ․ հունիսի 4-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» և «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2․000․000 ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Էդուարդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարորդ և սպասարկելով նախարարի տեղակալ՝ գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող և պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Լոռեցյանին, տեղեկատվություն և միջոցներ տրամադրելու, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է վերջինիս՝ «Լուառ» և «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք պահանջելուն, ընդհանուր հովանավորչության, Հ․ Քանանյանի ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Գործով անցնող մյուս մեղադրյալին՝ Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Լուառ»  և «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ՝ գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող և պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք՝ նրա կողմից ընդհանուր հովանավորչության, իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։