Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարոն Մարգարյանի տեղակալն ու նրա կինը հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. Կնոջ գույքը ենթակա է բռնագանձման

Տարոն Մարգարյանի տեղակալն ու նրա կինը հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. Կնոջ գույքը ենթակա է բռնագանձման
Իրավունք
12:21, 06 сентябрь 2022
Տարոն Մարգարյանի՝ Երևանի  քաղաքապետ եղած ժամանակ քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած  Վահե Նիկոյանն ու նրա կինը՝ Արմինե Գրիգորյանը, սեպտեմբերի 7-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազութան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձան վարչություն։  Հիշյալ վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ըստ որի՝  Նիկոյանի կնոջ   անունով հաշվառված գույքը  հանդիսանում է բռնագանձման առարկա: Այս մասին տեղեկանում ենք azdarar.am-ում հրապարակված ծանուցագրից։ 

Նշենք, որ 2018 թ. հոկտեմբերին աշխատանքից ազատված նախկին փոխքաղաքապետն ու նրա նախկին ենթական՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը, ՀՔԾ-ում հարուցված քրգործով մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար։ Նիկոյանն անցնում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործով։  Ըստ ՀՔԾ-ի՝ Նիկոյանը մեղադրվում է Երևանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորների հրապարակային 
սակարկությունները կազմակերպելիս ենթադրյալ չարաշահումներ կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու համար։ 

Ըստ քրեական գործի՝ 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը 2014-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդում մի  քանի անգամ պակաս՝ մոտ 169 միլիոն դրամով գնել են Հայրապետյանի հետ փոխկապակցված անձինք, ինչից հետո այն ձևական նվիրատվություններով բաժին է հասել Հայրապետյանի ընտանիքի անդամներին։ 

Նկատենք, որ Վահե Նիկոյանի եղբայրը՝ Արամ Նիկոյանը, հեղափոխությունից հետո զբաղեցնում էր դեպարտամենտի ղեկավարի տեղակալի, այնուհետ՝ ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որից ազատվել է ամիսներ առաջ՝ մայիսի 5-ին։