Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի եղբայրն արդարացվել է դատարանի որոշմամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը արդարացնող հիմքով կարճել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ հարուցված քրեական գործերից մեկը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Համբարձումյանի պաշտպան Արթուր Պիվազյանը։

Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանի նկատմամբ 2021 թ-ին քրեական գործ էր հարուցվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հոդվածով, սակայն գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Գոռ Համբարձումյանը փոխկապակցված է եղել շղթայական և կազմակերպված մարմնավաճառության գործի հետ: Վերջինս ոչ թե անմիջական կապ է ունեցել կանանց պոռնկության գործում ներգրավվելու գործընթացի մեջ, այլ նույն գործում խնդիրներ առաջանալու դեպքում դրանք լուծել է, ինչի դիմաց ստացել է գումար մարմնավաճառների ստացված հոնորարներից: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը):

Հիշեցնենք նաև, որ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է մեկ այլ քրեական գործով ևս: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։  

Ըստ մեղադրանքի՝ Գոռ Համբարձումյանը, 2018թ. ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, սեփական անձը վեր դասելով, հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և Կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։

Civic.am-ի հարցին ի պատասխան այսօր գլխավոր դատախազությունից պատասխանեցին, որ դատարանի որոշումը բողոքարկելու որոշում կկայացնեն առաջին ատյանի վճիռը ստանալուց հետո։