Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասիսի քաղաքապետի եղբայրը իրականում չի արդարացվել. վերջինիս նկատմամբ քրեական 2 հոդվածներից մեկով հետապնդումը դադարեցվել է հոդվածի ապաքրեականացման հիմքով

Մասիսի քաղաքապետի եղբայրը իրականում չի արդարացվել. վերջինիս նկատմամբ քրեական 2 հոդվածներից մեկով հետապնդումը դադարեցվել է հոդվածի ապաքրեականացման հիմքով
Իրավունք
17:06, 09 сентябрь 2022
Օրերս Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել էր, որ երկարատև քննությունից և շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ տարվող քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին։ Ընդ որում, Դավիթ Համբարձումյանը նշել էր, որ որոշումը դատարանը կայացրել է հանցակազմի բացակայության պատճառով։ «Այլ կերպ ասած, եղբայրս արդարացվեց, հետևաբար նաև հաստատվեց հանրության մի ստվար զանգվածի կողմից տարածվող, մեր բարի համբավն արատավորող, մերկապարանոց խոսակցությունների ստահոդ լինելը»,- գրել էր Դավիթ Համբարձումյանը։ 

Համբարձումյանը չէր հստակեցրել, թե խոսքը քրեական ո՞ր գործի մասին է։ Նշենք, որ Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, անցնում էր երկու քրեական գործով՝ 2018 թվականի ապրիլի 16-ին՝ հեղափոխության ընթացքում, հասարակական կարգը խախտելով Հերացի և Կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին փողոցում հայհոյանքներ հնչեցնելու և վերջիններիս նկատմամբ ոտքերով և ձեռքերով բռնություն գործադրելու համար, և ևս մեկ գործով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար նախատեսված հոդվածներով։ Ի դեպ, մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու և հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելու և գույքը ոչնչացնելու մեջ մեղադրվում է նաև հենց ինքը՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ 

Քաղաքապետի գրառումից հետո քաղաքացիների մոտ ընկալում կար, թե Գոռ Համբարձումյանը արդարացվել է բռնություն գործադրելու մեղադրանքով, ինչը տարակուսելի էր, քանի որ համացանցում կան տեսանյութեր, որտեղ ակնհայտ երևում են բռնություն գործադրելու կադրերը։ Խոսքը, սակայն, պոռնկությամբ զբաղվելուն հարկադրելու հոդվածին է վերաբերում, որով, ըստ Դավիթ Համբարձումյանի, արդարացվել է եղբայրը։  

Գլխավոր դատախազությունը Civic.am-ի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, որ հիշատակվող որոշումը կայացնելիս, ինչի մասին հանրայնացրել է Դավիթ Համբարձումյանը, դատարանի կողմից հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ փոփոխվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների շրջանակը: Դրա արդյունքում նշված անձանց մեղսագրված արարքները ապաքրեականացվել են: «Ելնելով դրանից՝ ամբաստանյալների համաձայնությունը ստանալուց հետո Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Հարկ է պարզաբանել նաև, որ ի տարբերություն նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով արդեն իսկ անձին մեղսագրված արարքի ապաքրեականացումը նախատեսվում է որպես հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու առանձին հիմք: Ընդ որում, այդ հանգամանքը չի բացառում քրեական հետապնդումը, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը»,- ասված է դատախազության պատասխանում: 
 
Այսինքն՝ Գոռ Համբարձումյանը, ըստ էության, չի արդարացվել, իր նկատմամբ դատարանը արդարացնող դատավճիռ չի կայացրել։

Ընդամենը Գոռ Համբարձումյանի նկատմամբ վերացվել է քրեական հետապնդումը, քանի որ Համբարձումյանի արարքում այն դետալները, որոնց պատճառով վերջինիս մեղադրանք էր առաջադրվել, ապաքրեականացվել են, իսկ Համբարձումյանը չի պնդել, որ տվյալ արարքը չի գործել, և համաձայնել է, որ հոդվածի ապաքրեականացման հիմքով քրեական հետապնդումը իր հանդեպ դադարեցվի։ 

Մյուս՝ 2018 թվականի ապրիլի դեպքերով թե՛ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, թե՛ եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, շարունակում են ունենալ մեղադրյալի կարգավիճակ։ Այս գործով դատական քննությունը դեռևս շարունակվում է։ 

Վովա Հակոբյան