Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացահայտվել է Արագածավան բնակավայրի բնակչի սպանության դեպքը

Բացահայտվել է Արագածավան բնակավայրի բնակչի սպանության դեպքը
Իրավունք
11:55, 12 сентябрь 2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Արագածավան բնակավայրի 61-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Այգեհովիտ բնակավայրի 57-ամյա բնակիչ է:

Քննությամբ ձեռք բերված  տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին Այգեհովիտ բնակավայրի տարածքում 57-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի արդյունքում Արագածավան բնակավայրի՝ 61-ամյա բնակիչը մահացել է: Այնուհետև վերջինիս դիակը իրեն պատկանող ավտոմեքենայով տեղափոխել է Ջողազի լիճ և գցել ջուրը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: