Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով. փոփոխություններ՝ նախագծում

Ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով. փոփոխություններ՝ նախագծում
Իրավունք
16:47, 13 апрель 2021
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ապահովել կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն: Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում էր ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ: Բադասյանը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված հիմնական փոփոխությունները:  «Նախագծից հանվել են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ կարգավորումները՝ գործերի վերանայումը վերապահելով Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ քրեական դատարանների առանձին 6-ական դատավորների: Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը նվազեցվել է, սահմանվել է, որ Հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որոնցից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասանագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ»,- ասաց նախարարը:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում սահմանվել էր առնվազն 25 դատավորի թվակազմ:
Այսպիսով, կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունների դատական քննությունը տեղի է ունենալու հակակոռուպցիոն դատարանում: Պետության գույքային և ոչ գույքային շահերի հետ կապված հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ներկայացված հայցերը ևս քննվելու են Հակակոռուպցիոն դատարանում: