Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ արդարադատության նախարարը միջազգային գործընկերներին է ներկայացրել վերջին 1 տարվա բարեփոխումների արդյունքները

ՀՀ արդարադատության նախարարը միջազգային գործընկերներին է ներկայացրել վերջին 1 տարվա բարեփոխումների արդյունքները
Իրավունք
19:35, 26 сентябрь 2022
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել դոնորների համակարգող խորհրդի հանդիպում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած լայնամասշտաբ զինված հարձակմանը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպություններին՝ ցուցաբերած աջակցության համար:

«Դիվանագիտական կորպուսի բոլոր ներկա անդամները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները խորը ցավ են արտահայտել կատարվածի և կորուստների համար, ևս մեկ անգամ հայտնել են իրենց զորակցությունը:

Նախարար Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակին՝ Արդարադատության նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել միջազգային գործընկերների աջակցությամբ նախարարության կողմից իրականացվող բազմաոլորտ բարեփոխումային ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Անդրեասյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, դրանց շրջանակներում տեղի ունեցած համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև ընդգծել է համապատասխան կարիքները՝ ներկայացված ծրագրերի արդյունավետության ապահովման տեսանկյունից: Մասնավորապես, ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության, հակակոռուպցիոն, սահմանադրական, դատաիրավական, քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումային ծրագրերը, ինչպես նաև դրանց արդյունքները:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում հանրային կառավարման բարեփոխումների թիմը ներկայացրել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ներկայիս փուլային իրականացումը չորս հիմնական ուղղությամբ՝ ռազմավարական պլանավորում, քաղաքականության մշակում, հանրային ծառայություններ, մարդկային ռեսուրսներ և ինստիտուցիոնալ զարգացում, ինչպես նաև մանրամասնել Ռազմավարությամբ յուրաքանչյուր գործողության իրականացման նախանշված ժամկետները:

Միջոցառմանը ներկա են եղել դիվանագիտական կորպուսի և Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական Միության, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ: