Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի և մյուսների գործերը քննող դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի և մյուսների գործերը քննող դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
Իրավունք
16:47, 29 сентябрь 2022
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ հուլիսի 6-ին հարուցել էր կարգապահական վարույթ։ Կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հաղորդումը։ Իսկ օրեր առաջ Կարեն Անդրեասյանը միջնորդություն է ներկայացել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ 
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը որոշում է կայացրել դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը քննել հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին։
Նշենք, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում են գտնվում նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ, «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի քրեական գործերը, որոնք դեռևս քննվում են։ Վահե Միսակյանի վարույթում է եղել նաև Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործը։
Civic.am-ը ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանից հետաքրքրվեց՝ որ գործի հետ է կապված կարգապահական վարույթը, սակայն Շաբոյանն ընդգծեց, որ այդ փաստը գաղտնի է համարվում նախքան ԲԴԽ-ում վարույթի քննությունը։  
Նշենք, որ, մեր տեղեկություններով, դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը չի առնչվում Սերժ Սարգսյանի գործի հետ։