Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ նախագահի քրգործը կապված չէ իր լիազորությունների իրականացման հետ, հետևաբար՝ ԲԴԽ-ի համաձայնությունը պետք չէր․ Գոռ Աբրահամյան

ԲԴԽ նախագահի քրգործը կապված չէ իր լիազորությունների իրականացման հետ, հետևաբար՝ ԲԴԽ-ի համաձայնությունը պետք չէր․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
13:18, 15 апрель 2021
ԲԴԽ-ն երեկ Գլխավոր դատախազությունից գրություն է ստացել, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը։ 

Ինչ վերաբերում է մեր այն հարցին՝ արդյո՞ք Գլխավոր դատախազությունը օրենքի շրջանակում է գործել քրեական գործ հարուցելով, թե Ռուբեն Վարդազարյանն ունի անձեռնմխելիություն՝ մեր զրուցակիցը նախ նշեց, որ այսօր ԲԴԽ նիստ ունեն, որի ժամանակ այդ հարցը ևս կքննարկեն, այնուհետև շարունակեց․«Դատավորների անձեռնմխելիությունը 2015թ․սահմանադրությամբ բացարձակ չեն։ Անձեռնմխելիության հարցն առաջանում է այն ժամանակ, երբ մեղսագրվող հանցագործությունը կապված է դատավորի լիազորությունների իրականացման հետ, մնացած մյուս դեպքերում անձեռնմխելիության արտահայտման պահանջ Սահմանադրությունը և օրենսդրությունը չունի»։

Մեր դիտարկմանը՝ փաստորեն քրեական գործը կապված չէ ԲԴԽ նախագահի կողմից իր լիազորությունները չարաշահելու հետ՝ Վիգեն Քոչարյանն արձագանքեց․ «Ըստ դատախազության՝ այո»։

Մենք կապ հաստատեցինք նաև Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հետ՝ ճշտելու թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է քրգործը հարուցվել, սակայն Աբրահամյանը, հղում անելով Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածին, նշեց, որ այդ հարցին չի կարող պատասխանել․ «Տեղեկատվություն չեմ կարող տրամադրել՝ ելնելով Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումներից։ Նկատի ունենալով նաև, որ շատ են շահարկում ԲԴԽ-ի համաձայնությունը ստանալու հետ կապված հարցը՝ նշեմ, որ  նման համաձայնություն նույն օրենսգրքի համաձայն անհրաժեշտ է, եթե քրեական հետապնդումը վերաբերում է դատավորի լիազորությունների իրականացման, մինչդեռ այս դեպքում նման խնդիր առկա չէ»,- հավելեց նա։
 
Նշենք, որ Գոռ Աբրահամյանի հիշատակած Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումներով՝ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Նարա Մարտիրոսյան