Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստաբանը փորձել է կաշա՞ռք փոխանցել դատավորին․ դատախազը դատավոր Արյուսակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ

Փաստաբանը փորձել է կաշա՞ռք փոխանցել դատավորին․ դատախազը դատավոր Արյուսակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ
Իրավունք
17:06, 17 октябрь 2022
Ազգային անվտանգության ծառայության կողմից այսօր ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ փաստաբանների պալատը հաստատել է Էրիկ Ալեքսանյանի ձերբակալությունը։ Տեղեկություն կա նաև, որ նույն գործի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ 

Civic.am-ի հարցին ի պատասխան Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը հայտնեց․ «Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Հետևաբար ոչ միջնորդության բովանդակության և ոչ էլ դատավորին անհատականացնող տվյալներ փոխանցել չեմ կարող»։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան փոխանցեց հետևյալը․ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն:  Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ: «Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին:

Շրջանառվող տեղեկություններով՝ փաստաբանը փորձել է կաշառք փոխանցել դատավորին ՀՀ ԱԱԾ-ում քննվող գործով։