Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց. Երեմ Սարգսյան

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց. Երեմ Սարգսյան
Իրավունք
12:40, 19 октябрь 2022
Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից։

Այս մասին հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)։

Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։

Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնության հարցով, որը ԲԴԽ-ն բավարարել է։

ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազության միջնորդությունները:

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։

Փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի վստահորդներից մեկին, որի նկատմամբ կիրառվել էր գրավ։