Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օշականցի Գևորիկը» գրավի դիմաց ազատ է արձակվել. գրավի չափ է սահմանվել 60 մլն ՀՀ դրամը

«Օշականցի Գևորիկը» գրավի դիմաց ազատ է արձակվել. գրավի չափ է սահմանվել 60 մլն ՀՀ դրամը
Իրավունք
12:45, 02 ноябрь 2022
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Օշականցի Գևորիկ» մականունով հայտնի Գևորգ Մելիքյանը կրկին ազատության մեջ է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել է Գևորգ Մելիքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 60 մլն ՀՀ դրամը։ Գրավի չափը վճարելուց հետո Մելիքյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։

Նշենք, որ Գևորգ Մելիքյանի նկատմամբ նույն գործի շրջանակներում շուրջ մեկ տարի առաջ՝ 2021թ հուլիսի 23-ին, գրավ էր կիրառվել՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից։ Գրավի չափ էր սահմանվել 50 մլն ՀՀ դրամը։ Մեղադրող դատախազ Է. Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատական ակտը և Մելիքյանին կալանավորելու որոշում կայացնել։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, բավարարել է դատախազի բողոքը, ինչից հետո Գևորգ Մելիքյանը կալանավորվել է։

Գևորգ Մելիքյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվելուց հետո գործը վերամակագրվել է և այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, որն էլ օրերս որոշում է կայացրել՝ Գևորգ Մելիքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին։

Հիշեցնենք, որ Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքով 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Մելիքյանը, պահպանելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով հեղինակության, կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողությունները, մասնավորապես ստանձնել է մասնավոր, այն է` պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի` իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելու հարցը։ Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի։