Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը բենզալցակայանի և գազալցակայանի գործունեություն է դադարեցրել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը բենզալցակայանի և գազալցակայանի գործունեություն է դադարեցրել
Իրավունք
19:09, 02 ноябрь 2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  իրականացրած վերահսկողական գործառույթների շրջանակում Երևանի Աղբյուր Սերոբի 52/7 հասցեում իրականացվել է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ վերահսկողության՝  նախկինում տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար։

Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, կարգադրագրի պահանջների կատարման նկատմամբ 2022թ. նոյեմբերի 1-ին իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ նշված հասցեում շահագործվող ավտոբենզալցակայանում դեռևս առկա են հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծող հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ։ 

«Վերահսկողություն է իրականացվել  նաև Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում «ՎԱՀ-ՎԱՍ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ)՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար։

Ընկերությունում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերված հրդեհային անվտանգության բնագավառի խախտումների վերացման համար տրվել են կարգադրագրեր, որոնց պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, խախտումները չեն վերացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով վերոնշյալ հասցեներում արձանագրված խախտումները՝ հաստատվել է, որ և՛ ավտոբենզալցակայանի, և՛ ավտոգազալիցքավորման ճնշակայանի  հետագա շահագործումն անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում մարդկանց անվտանգության համար, ուստի տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ անհապաղ դադարեցնել  Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 52/7 հասցեում գտնվող ավտոբենզալցակայանի և Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում՝ «ՎԱՀ-ՎԱՍ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեությունը՝ մինչև համապատասխան  խախտումների վերացումը։