Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է արյունահեղության կոչ հնչեցրած Սայաթ Շիրինյանի արդարացման վճիռը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է արյունահեղության կոչ հնչեցրած Սայաթ Շիրինյանի արդարացման վճիռը
Իրավունք
13:30, 07 ноябрь 2022
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վճիռը, որով վերջիս արդարացրել է ՀՀ ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանին, որը մեղադրվում էր բռնության կոչեր հնչեցնեու մեջ։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։  

Հիշեցնենք, որ ՔԿ-ն 2020 թվականի դեկտեմբերի 23-ին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Շիրինյանը Facebook սոցցանցում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում է արել՝ ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,- գրել էր Շիրինյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

Գրառում կատարելու դեպքի առթիվ 2020 թ. դեկտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել, և խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Իսկ վերջերս դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերացրեց Շիրինանի խափանման միջոցը։

Ոստիկանության միջին օղակում աշխատած Սայաթ Շիրինյանը, ըստ 2021-ին ԿԸՀ ներկայացրած իր հայտարարագրի, ունի 3 անշարժ գույք Երևանում՝ 2 բնակարան և 1 ավտոտնակ: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ 2011 թվականի «Toyota Avensis ZRT271» և 2016 թվականի «Lexus RX 450h»:

Նշենք, սակայն, որ մերօրյա Կորեյկոն այդպես էլ չի բացահայտել հանրության համար, թե ինչպե՞ս է կարողացել պետական աշխատավարձով դոլարային միլիոնատեր դառնալ՝ առանց կոռուպցիայի և քրեաօլիգարխիկ կապերի, և նման հարստության պարագայում քանի՞ հոգի կարող է հավատել նախկին գնդապետ-ոստիկանի անբասիր կերպարին։ 

Ընդ որում, վերջին 1 տարում Շիրինյանը ընդամենը 1 մլն 716 հազար դրամ կենսաթոշակ է ստացել: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, սակայն, նա ունեցել է 250 մլն դրամ, 150 հազար եվրո և 750 հազար դոլար: