Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խուլիգանության մեջ մեղադրվող ՀՅԴ-ական նախկին մարզպետի քրգործի նախաքննությունն ավարտվել է․ շուտով կուղարկվի դատարան

Խուլիգանության մեջ մեղադրվող ՀՅԴ-ական նախկին մարզպետի քրգործի նախաքննությունն ավարտվել է․ շուտով կուղարկվի դատարան
Իրավունք
13:44, 20 апрель 2021
2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), և որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՅԴ ԳՄ անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը։

Civic.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ այսօր քրեական գործով մեղադրյալ Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Հիշեցնենք, որ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն,  նշված միջադեպի ժամանակ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անտեսելով հասարակական համակեցության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ընդգծված արհամարհական պահվածք՝ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, նախապես իրենց հետ բերելով և Երևանի Դեմիրճյան փողոցում կայանելով հավկիթներով լցված ավտոմեքենա, իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին և Սիսակ Գաբրիելյանին: Միջադեպի ընթացքում նաև գործադրվել է բռնություն:

Լիլիթ Թադևոսյան