Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանկին ունեցած 90 հազար դրամ չվճարված պարտքի արդյունքում քաղաքացու տունն աճուրդով վաճառվել է․ նրա փաստաբանը պնդում է՝ ստորագրությունը կեղծվել է, ԴԱՀԿ-ից հակադարձում են՝ ամեն ինչ օրենքով է

Բանկին ունեցած 90 հազար դրամ չվճարված պարտքի արդյունքում քաղաքացու տունն աճուրդով վաճառվել է․ նրա փաստաբանը պնդում է՝ ստորագրությունը կեղծվել է, ԴԱՀԿ-ից հակադարձում են՝ ամեն ինչ օրենքով է
Իրավունք
16:48, 25 ноябрь 2022
Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Հարությունյանը ուղիղ հեռաձարկմամբ հուզված ու տագնապած ցույց էր տալիս, թե ինչպես են Հարկադիր ծառայության աշխատակիցները փորձում ընտանիքի անդամներին ստիպողաբար դուրս հանել տանից՝ անգամ հաշվի չառնելով 90-ամյա հիվանդ տատի և մոր վիճակը։ Տեսանյութում Հարությունյանը հուզված բղավում էր, որ ապօրինաբար են իրենց տանից դուրս հանում, և խնդրում էր, որ պատկան մարմինները և անձամբ վարչապետը լուծեն խնդիրը, այլապես այս հոգեկան ապրումներից վերջ կտա կյանքին։

Մեզ հետ հեռախոսազրույցում Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ԴԱՀԿ-ի կողմից իրենց տան վաճառքն ու տանից դուրս հանելը ամբողջությամբ ապօրինի գործընթաց է։ Այնուհետև հակիրճ ներկայացրեց նախապատմությունը, և թե ինչ հիմնավորում ունի իր խոսքը։

Նա պատմում է, որ ունեցել է 680.000 դրամ վարկ «Հայէկոնոմբանկում», որի մեծ մասը նորմալ  մարել է (դա կարող է ապացուցել պահպանած անդորրագրերով), սակայն փոքր չափով պարտքը ճակատագրական, աղետալի խնդիր է դարձել ԴԱՀԿ-ի ձեռքով. «Մեր կարիքները բավարարելու համար գնացել եմ Ռուսաստան՝ աշխատելու, այնտեղից ամսական գումար եմ ուղարկել, որպեսզի կարողանանք մուծումները ժամանակին անել, բայց Քովիդ էր, դժվարություններ առաջացան... Հետո իմացանք, որ բանկին ունեցած ընդամենը 80-90.000 դրամի չափով  պարտքը տույժ-տուգանքի արդյունքում դարձել է 1 միլիոն 400.000 դրամ։ Ցավն այն է, որ Հարկադիրը, առանց ժամանակին ծանուցում ուղարկելու, կեղծելով  ստորագրություններ, իմ իրավունքը խախտելով, ապօրինաբար վաճառել է մեր տունը։ Միայն տունը վաճառելուց 15 օր առաջ են ծանուցում ուղարկել, որ պետք է լքենք տունը, թե չէ հարկադրաբար կհանեն, որովհետև տունս արդեն ուրիշ մարդու է պատկանում։ Եթե ես ժամանակին իմանայի, անգամ մուրացկանությամբ այդ պարտքը կփակեի, բայց ես չեմ իմացել, ամեն ինչ շատ արագ կազմակերպել են... Գժվելու բան է, հույս ունեմ՝ պատկան մարմինները կլուծեն խնդիրս, թե չէ չգիտեմ՝ ինչ կանեմ»։ 

Նա մեզ հայտնեց, որ իր փաստաբանի, նաև լրատվականների արագ արձագանքման շնորհիվ դատարանը առկախել է տանից դուրս հանելու որոշումը։

Հարությունյանի պնդմամբ՝ այս ապօրինի որոշումը կայացրել է Հարկադիրի աշխատակից Արմենուհի Մելքոնյանը, որպեսզի ջրի գնով տունը վաճառի իր ծանոթ-բարեկամ  ինչ-որ կրոնավոր մարդկանց։ 

Մենք կապ հաստատեցինք նաև Հարությունյանի փաստաբան Ժաննա Օհանյանի հետ, ով ևս հաստատեց, որ եղել են օրինազանց խախտումներ, որոնց վերաբերյալ փաստական տվյալները, հանգամանքները ներկայացվել են դատարան: «Փաստերը վկայում են, որ կան և՛ ստորագրության կեղծումներ, և՛ պատշաճ իրազեկման, ժամկետի, և՛ այլ խախտումներ, որոնց մանրամասները դատական քննության առարկա են»,- ընդգծեց  փաստաբանը։
 
Փաստական հիմքերի մասին հանգամանալից տեղեկանալու նպատակով մենք ԴԱՀԿ-ից գրավոր հարցրել էինք, թե ի՞նչ ժամկետներում է ծանուցվել քաղաքացի Հարությունյանը, և ինչպե՞ս կմեկնաբանեն ստորագրությունների կեղծման մասին մեղադրանքները։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պատասխանել էին, որ քաղաքացի Հարությունյանին պատկանող արգելադրված անշարժ գույքի էլեկտրոնային աճուրդով իրացման մասին որոշումը հիմնված է եղել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի պահանջի վրա, և այդ մասին քաղաքացուն տեղեկացվել է այս տարվա մայիսի 27-ին օրենքով սահմանված կարգով, ժամկետով։ Այնուհետև ԴԱՀԿ-ն նշել է, որ բնակարանից հարկադիր վտարելու մասին որոշման ծանուցագիրը քաղաքացուն ներկայացվել է առձեռն, որի մասին փաստում է Կարեն Հարությունյանի անձնական գրառումը։ 2022թ. նոյեմբեր 11-ին, «ղեկավարվելով դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 64.1 հոդվածով և հիմք ընդունելով բնակարանի գնորդի/նոր սեփականատիրոջ/ դիմումը՝ 08.09.2022թ. կայացվել է  բնակարանից հարկադիր վտարելու մասին, հարկադիր  վտարման գործողությունների սկիզբ է նշանակվել 24.11.2022թ. ժամը 12։00-ն»,- գրված է հայտարարության մեջ։
Ստորագրության կեղծման մասին հարցին ԴԱՀԿ-ն չի պատասխանել։  

Թամարա Ղազարյան