Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանն առաջարկում է 25 մլն դրամ գրավով ազատ արձակել Սերժ Սարգսյանի եղբորորդուն, պատրաստ են նաև ավել գումար գրավադրել

Պաշտպանն առաջարկում է 25 մլն դրամ գրավով ազատ արձակել Սերժ Սարգսյանի եղբորորդուն, պատրաստ են նաև ավել գումար գրավադրել
Իրավունք
17:24, 22 апрель 2021
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ընթացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։

Նարեկ Սարգսյանի պաշտպանը միջնորդեց դատարանին՝ 25 մլն ՀՀ դրամ գրավով ազատ արձակել իր պաշտպանյալին՝ ընդգծելով, որ Նարեկ Սարգսյանի մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ, որոնց վերաբերյալ բժշկական փաստաթղթերը ներկայացված են դատարան։ Պաշտպանի խոսքով, եթե դատարանը գտնի, որ ավելի բարձր գումար է անհրաժեշտ գրավի համար, ապա Նարեկ Սարգսյանի ընկերները պատրաստ են օգնել այդ հարցում։ Նա հիշեցրեց, որ իր պաշտպանյալը շուրջ 1 տարի 11 ամիս գտնվել է անազատության մեջ, այնուհետև երբ փոխվել է խափանման միջոցը, և Նարեկ Սարգսյանն ազատ էր արձակվել՝ 5 ամիս շարունակ գտնվելով ազատության մեջ չի խոչընդոտել գործի քննությանը։ 

Սակայն մեղադրող կողմը կրկին դեմ էր Նարեկ Սարգսյանի խափանման միջոցը փոխելուն։ Դատախազի խոսքով ներկայումս բացակայում են խափանման միջոց կալանավորումը փոխելու հիմքերը և ամբաստանյալի կողմից վարույթից թաքնվելու վտանգ կա։ 

Դատավոր Վահե Միսակյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։   
 
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն և թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու համար։ Ինչպես նաև անձի առևանգում կազմակերպելու համար։