Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազության շենքի վրա հայհոյանքներով ուղղորդված երեկվա գրոհից հետո Ոստիկանությունը քրգործ է հարուցել՝ խուլիգանության հոդվածով

Դատախազության շենքի վրա հայհոյանքներով ուղղորդված երեկվա գրոհից հետո Ոստիկանությունը քրգործ է հարուցել՝ խուլիգանության հոդվածով
Իրավունք
11:48, 23 апрель 2021
Երեկ գիշերը Գլխավոր դատախազության դիմացից Ոստիկանություն բերման ենթարկված բողոքի ակցիայի 14 մասնակիցները ազատ են արձակվել։ Միջադեպի հետ կապված հարուցվել է քրեական գործ՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասով և գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից և հավելեցին, որ ինքնազգացողությունը վատացած ոստիկանն այժմ լավ է զգում։ 

Նշենք, որ երեկ երեկոյան ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հայհոյանքներով զուգորդված բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանում՝ ի պաշտպանություն նախօրեին բերման ենթարկված Սյունիքի մի շարք բնակիչների՝ այդ թվում Մեղրիի քաղաքապետի։ Ընդդիմության ներկայացուցչները Գլխավոր դատախազության շենքի մոտ բախվեցին ոստիկանների հետ և փորձեցին ներխուժել դատախազություն, այն բանից հետո երբ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կոչ արեց՝ «Ժողովուրդ դուք ազատ եք, ինչ ուզում եք արեք»։ Տևական ժամանակ ցուցարարները փորձում էին ներուխուժել Գլխավոր դատախազության շենք՝ վանկարակելով հայհոյանքներ վարչապետի հասցեին։

Նրանք ձվեր ու շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ։ Ցուցարարների ու ոստիկանների միջև բախման արդյունքում ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նա տեղափոխվեց հիվանդանոց։ 

Միևնույն ժամանակ, ցուցարարները հրաժարվեցին հանդիպել դատախազության ներկայացուցիչների հետ, ինչ մասին տեղեկացրեց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սադրանքներով և հայհոյանքներով  ակցիաներ էին կազմակերպվել՝ փակելով ճանապարհն ու հայհոյանքներ հնչեցնելով Նիկոլ Փաշինյանի հասցեին։