Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենուա Հովսեփյանն ազատ արձակվեց․ դատավոր Դավիթ Բալայանը ոչ իրավաչափ է ճանաչել վերջինիս ձերբակալելու որոշումը

Մենուա Հովսեփյանն ազատ արձակվեց․ դատավոր Դավիթ Բալայանը ոչ իրավաչափ է ճանաչել վերջինիս ձերբակալելու որոշումը
Իրավունք
14:08, 23 апрель 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանական կողմի միջնորդությունը։

Դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, որոշել է ոչ իրավաչափ ճանաչել Հովսեփյանի ձերբակալումը։ Նա ձերբակալվել էր երեկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով։ Դավիթ Բալայանը ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է, որը նախորդ տարվա նոյեմբերին հացադուլ էր հայտարարել, պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ նրա  նկատմամբ քր․ գործ հարուցել։ 

Գորիսի փոխքաղաքապետի պաշտպան Դավիթ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննիչը խափանման միջոց է կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպով Սյունիքի մարզից ձերբակալվել էր 23 քաղաքացի։
Այդ օրը առավոտից մոտ 40-50 տղամարդիկ հայհոյանքներով խոչընդոտում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաք՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դավաճան» գոռալով։ Անգամ բախումներ հրահրվեցին, ու մասնակիցներից մեկը բարձրացավ վարչապետին ուղեկցող անվտանգության ծառայության ավտոմեքենայի վրա։ Խումբը հայհոյանքներով և գոռգոռոցներով կրնկակոխ հետևում էր վարչապետին ու փորձում փակել նրա ճանապարհը, խոչընդոտել բնակիչների հետ վարչապետի հանդիպումը։ 

Ապրիլի 21-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ  քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի («Խուլիգանություն») 1-ին, 3-րդ և 316-րդ հոդվածի («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») 1-ին մասի հատկանիշներով։